Վիրահայերը բարեգործական համերգի հասույթով կաջակցեն սիրիահայերին. «Հայարտուն»
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը սիրիահայերին աջակցելու նպատակով Վարդանանց տոնին ընդառաջ, կազմակերպել է բարեգործական համերգ, որի շրջանակներում տեղի կունենա նաև ցուցահանդես-վաճառք, և հավաքված բոլոր միջոցները կփոխանցվեն սիրիահայերի օգնության համար բացված հաշվեհամարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:
«Թիֆլիսում երկու այդպիսի միջոցառում արդեն արել ենք` Թիֆլիսի հայկական ՀԿ-ների հետ միասին: Այդ ամբողջ գումարը կփոխանցվի բացված հաշվեհամարին, և վերջում հանձնախումբը կորոշի` ինչ ճանապարհներով փոխանցել այդ գումարը հալեպահայերին»,-ասաց Լևոն Չիդիլյանը` տեղեկացնելով նաև, որ միջոցառմանը ներկա կլինեն Թբիլիսիի հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները, դեսպանատան անձնակազմը, բարերարներ և այլն:
«Մեր բոլոր բարեգործական միջոցառումները երկու նպատակ ունեն, առաջինը՝ օգնել մեր եղբայրներին և քույրերին` սիրիահայերին, և երկրորդը` թիֆլիսահայերի մեջ մտցնել «բարեգործություն» հասկացությունը: Երբեմնի հզոր համայնք ունեցող և հզոր բարեգործական կենտրոն լինելով հանդերձ, վերջին հարյուր տարիների ընթացքում ինքը կորցրել է ազգային տուրքի գաղափարախոսությունը»,- ասաց Լևոն Չիդիլյանը:
«Հայարտուն» կենտրոնի համակարգողի խոսքով՝ Թբիլիսիում բավականին ակտիվ է մշակութային կյանքը: Միայն իրենց կենտրոնը շաբաթական կազմակերպում է մեկ միջոցառում`ֆոտո և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, համերգներ, հուշ-երեկոներ: Լևոն Չիդիլյանի խոսքով, շրջանների մշակութային կյանքը ակտիվացնելու համար իրենք այս տարի ծրագրեր ունեն Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական տարածաշրջանների հետ կապված:
«Կյանքը բավականին ակտիվ է, բայց, ցավոք սրտի, օրեցօր պակասում են հայկական դպրոցները և մեծ խոչընդոտ է առաջանում, որպեսզի մենք ավելի հստակ, լայնամասշտաբ աշխատենք հայ հասարակության հետ, որովհետև առաջ հայկական դպրոցներն այդ հնարավորությունը տալիս էին, որ մենք մեր գործունեությունն ավելի լայն ծավալեինք»,-ասաց Լևոն Չիդիլյանը:
Միջոցառումները կազմակերպելիս, «Հայարտուն» կենտրոնի համակարգողի խոսքով, իրենց օժանդակում են Թբիլիսիում գործող հայկական ՀԿ-ները: Օրինակ, «Հայարտուն» կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փետրվարի 9-ին կազմակերպված միջոցառման համար Վրաստանում Հայաստանի դեսպանատունը փոխանցել է 165 լարի:
«Հետաքրքրությունը միջոցառումների նկատմամբ տարբեր է լինում:Մեր կազմակերպածների 80%-ը հիմնականում հայկական միջոցառումներ են: Ունենք նաև հայ-վրացական տարբեր միջոցառումներ` համատեղ համերգներ, ցուցահանդեսներ: Տարբեր միջոցառումներ տարբեր հետաքրքրություն են բերում, քանի որ յուրաքանչյուրը հանդիսատեսը տարբեր է լինում»,-ասաց Լևոն Չիդիլյանը:










