Ասանժին շնորհվել է Ջոն Լենոնի անվան մրցանակ՝ արվեստի ոլորտում ցուցաբերած արիության համար

17:52 • 05.02.13

Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, հեռակա կարգով WikiLeaks սկանդալային կայքի խմբագիր Ջուլիան Ասանժին շնորհել է Ջոն Լենոնի անվան մրցանակ՝ արվեստի ոլորտում ցուցաբերած արիության համար, հայտնում է Russia Today-ը։ 

 

Հանգուցյալ ամուսնու անունով մրցանակն Օնոն հիմնել է այն ստեղծագործ անձանց պարգևատրելու համար, ովքեր պահպանել են անկախությունը՝ չնայած կառավարության հետապնդումներին։ Այն շնորհվում է 2009թ.-ից։


«Որպեսզի նկարիչը կարողանա իր ստեղծագործությունում ասել ճշմարտությունը, նրանից մեծ արիություն է պահանջվում»,- խոստովանել է Յոկո Օնոն։

 

Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում հեռակա կարգով լրագրողին շնորհելով մրցանակը՝ Լենոնի այրին հավելել է. «Իշխանությունները մոռանում են, որ իրենք պատասխանատու են այն մարդկանց համար, ովքեր իրենց ընտրել են։ Տեղեկությունը, որն իրենք գաղտնի են պահում, պատկանում է բոլորին։ Ջուլիան Ասանժն ունեցավ այդքան համարձակություն հանրության սեփականությունը դարձնել այն, ինչ չէր արվում։ Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է աջակցենք նրան»։

 

Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն, ով նույնպես մասնակցել է արարողությանը, ասել է. «Ջուլիանը մեզ բոլորիս ապացուցեց, որ իշխանություններն ի զորու չեն թաքցնել տեղեկությունը»։
 

Նշենք, որ Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։