«Գարեգին Նժդեհ» ֆիլմով հերոս ունեցանք. Արմեն Մազմանյան

17:56 • 06.02.13

20 տարեկան անկախ պետությունը, երբ չունի հերոսի կերպար, շատ վտանգավոր է: Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմով մենք, գոնե, ունեցանք մի հերոս, որի մասին կսկսեն խոսել, Նժդեհ կարդալ: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը` վերլուծելով մեծ աղմուկ հանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:


Սպարապետի մասին պատմող ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո, որը տեղի ունեցավ հունվարի 28-ին, շատերը դրական արձագանքեցին ֆիլմին, և նույնիսկ ասում են, որ տոմսարկղերում տոմսերը շատ արագ սպառվում են:


Արմեն Մազմանյանն ասաց, որ ֆիլմի պրեմիերային ինքը գնացել է վախով, կանխատրամադրված, քանի որ համարում է, որ. «Նժդեհն այն դեպքն է, որ եթե ձեռքերդ չի հասնում, խելքդ չի հասնում, ավելի լավ է ձեռք չտաս»:


«Ես շատ ուրախ եմ դուրս եկել այնտեղից: Ֆիլմը խնդիր ունի մեզ հերոս հասցնելու, ինքն իր խնդիրը կատարել է: Կարևոր է, որ այնկերպ, ինչպես ինքը նկարված է, իր խնդիրը լուծում է, իր ազդեցությունը թողնում է, ես համոզված եմ, որ լուծում է, այն էլ լավ»,- ասաց Արմեն Մազմանյանը:


Ռեժիսորի խոսքով, ֆիլմը պետք է դիտարկել մասնագիտորեն, և ոչ սեփական նախասիրությամբ ու ճաշակով:


«Ֆիլմի ժանրը պատմական խրոնիկա չէ, սա պատմաէպիկական «էքշն» է՝ իր պատեթիկայով, սենտիմենտալիզմով: Ֆիլմը խնդիր չունի պատմական ճշմարտությունների խնդիր լուծելու, այլ հարց է, որ բերում է հետաքրքրություն»,- ասաց Արմեն Մազմանյանը:


Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը, ասաց, որ սկզբում իրեն զարմացրել և վախեցրել է այն:


«Նույն Արտաշեսի (նկատի ունի ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշս Ալեքսանյանին Tert.am) վրա.. նրա «գողականի կնիքը» (նկատի ունի Լորդի դերակատարումը-Tert.am), եթե ինքը ֆիլմում տակից դուրս չգար, ֆիլմը կտապալվեր, այդ ժամանակ ահավոր բան կլիներ: Մարդն ապացուցեց, որ ինքն արտիստ է: Շատ համոզիչ է երիտասարդ Նժդեհը»,- ասաց Արմեն Մազմանյանը:


Խոսելով տեխնիկական հնարքների մասին, Մազմանյանն ասաց, որ վատ չէ, բայց թերություններ կան:


«Ես անձամբ ռեժիսորին եմ ասել, դրանք ձայնային կարգավորումներն են, երբեմն ձայնը միատոն է, կամ երաժշտությունը ծածկում է ձայնը, բայց դա շատ հեշտ կարելի է մաքրել: Միջազգային «կլասի» հետ համեմատելով, նմանատիպ ֆիլմերի կողքը դնելով, այս ֆիլմը չի տուժի, սա կայացած ֆիլմ է»,- ասաց նա։