Հիտլերի մասին երգիծական վեպը բեսթսելլեր է դարձել Գերմանիայում

16:28 • 06.02.13

Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց 80 տարի անց ժամանակի գլխավոր նացիստի մասին երգիծական վեպը բեսթսելլեր է դարձել Գերմանիայում, հայտնում է Russia Today-ը։

«Նա վերադարձել է» գրքի հեղինակ Թիմուր Ֆերմեսը Հիտլերին տեղափոխել է 21-րդ դար, որտեղ նա կրում է ջինսեր, հեռախոսի ռինգթոն է դնում Վագների երաժշտությունը և ունի էլեկտրոնային փոստ։

 

Հակասական կերպարը հեղինակին լավ շահույթ է բերում. նորույթն արդեն գնել է 400 հազար մարդ։ Սակայն նրա գործընկերները գրքի թողարկմանը բացասական են վերաբերվել։ «Այսպիսով գերմանացիներն իրենց վրայից հանում են անցյալի մեղքերը։ Չնայած որ հենց Հիտլերն է մեղավոր պատերազմի և ցեղասպանության համար»,- ասել է գրող Դանիել Էրկը։


397 էջանոց վեպում Հիտլերն արթնանում է ժամանակակից Բեռլինում։ Նա չգիտի, որ պատերազմն արդեն ավարտվել է, և լռությունը կարծում է հրադադար է։ Առաջին հերթին նա փորձում է կապ հաստատել իր կողմնակից Մարտին Բորմանի հետ, սակայն գտնել «անձնական քարտուղարին» չի հաջողվում։ Երբ Հիտլերը թերթերից իմանում է, որ 21-րդ դարն է, կորցնում է գիտակցությունը։

 

Կրպակի սեփականատերը նրան Հիտլերի նմանակի տեղն է դնում, զանգահարում է հեռուստաշոուի պրոդյուսերին՝ նոր ծանոթի մասին հայտնելու համար։ Շուտով նրա մասնակցությամբ տեսանյութը հայտնվում է YouTube-ում։ Նա հայտնվում է նույնիսկ թուրքական զվարճալի հաղորդումներում։


Գիրքը դեռևս չի թարգմանվել այլ լեզուներով։ Սպասվում է, որ 2014թ. վերջին լույս կտեսնի անգլալեզու տարբերակը, որին կհաջորդեն թարգմանություններ՝ ևս 16 լեզուներով։ Ըստ որոշ տվյալների՝ հեղինակին դիմել են արդեն ստեղծագործությունն էկրանավորելու առաջարկով։