Ժամանակակից կերպարվեստի նմուշները «կպայթեցնեն» Sotheby’s-ը
Մասնագետները ենթադրում են, որ միայն Լոնդոնում փետրվարին կվաճառվի ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ նկարներ: Այս մասին գրում է РБК կայքը:
Հիմնական եկամուտը կապահովեն ժամանակակից արվեստի ներկայացուցիչները և իմպրեսիոնիստները: Իսկ եթե ավելի մանրամասն, ապա խոսքը գնում է Գերհարդ Ռիհտերի, Ժան-Միշել Բասկիայի և Ֆրենսիս Բեկոնի հանրահայտ կտավների մասին:

Ըստ մասնագետների, փետրվարի 12-ին Լոնդոնում կայանալիք Sotheby's ժամանակակից արվեստի աճուրդում ամենաթանկ արվեստի գործը կլինի Բեկոնի «3 էտյուդ՝ ինքնանկարի համար» կտավը, որը ստեղծվել է 1980-ականներին: Նախնական գինը կազմում մոտ 24 միլիոն դոլար:

Sotheby's լոնդոնյան աճուրդների մյուս ապագա աստղը 1992 թվականին ստեղծված Ռիհտերի կտավն է՝ «Աբստրակտ նկարներ» շարքից: Այս աշխատանքը կարող է վաճառվել 15 միլիոն դոլարի դիմաց: Բասկիի «Անանուն» կտավը, որը պատկանում էր U2 ռոքերներին, կարող է վաճառվել 14 միլիոն դոլարով:
Վերը նշված ստեղծագործությունների վաճառքից հետո՝փետրվարի 13-ին, կկայանա հետպատերազմյան և ժամանակակից արվեստի աճուրդ, որի ժամանակ նույնպես նախատեսվում են մի քանի միլիոնանոց վաճառքներ:

Մասնագետները ուշադրությամբ կհետևեն այս աճուրդներին, որպեսզի գնահատեն 2013 թվականին ժամանակակից արվեստի շուկայի հնարավորությունները: Անցյալ տարի այս ոլորտի վաճառքները նոր ռեկորդներ էին սահմանել:










