Պիկասոյի սիրուհուն պատկերող կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 45 մլն դոլարով

09:13 • 06.02.13

Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի սիրուհուն կամ, ինչպես ասում են, «ոսկե մուսա» Մարիա Թերեզա Վոլթերին պատկերող «Պատուհանի մոտ նստած կինը» կտավը հեղինակավոր Sotheby's լոնդոնյան աճուրդի շրջանակներում վաճառվել է 45 մլն դոլարով, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

 

Սակայն երեկոյի «աստղը» դարձել է ավստրիացի էքսպրեսիոնիստ Էգոն Շիլեի «Սիրեկաններ (Ինքնանկար Ուոլիի հետ)» կտավը, որը վաճառվել է 12 374 560 դոլարով, ինչն իրական ռեկորդ է Շիլեի՝ թղթի վրա արված ստեղծագործությունների համար։ 

 

«Սիրեկաններ»-ը համարվում է նկարչի ամենաարժեքավոր գործերից մեկը, որի վրա գուաշով և մատիտով պատկերված է անձամբ Շիլեն և նրա բազմամյա մուսա Ուոլի Նոյզելը՝ իրենց բաժանումից որոշ ժամանակ առաջ։

 

Ընդհանուր առմամբ երեկոյի ընթացքում Sotheby’s-ն իրականացրել է 190 մլն դոլարի վաճառք, ինչը կազմակերպիչների կանխատեսած գումարին բավական մոտ է։
 

Գործակալությունը նշում է, որ չնայած վերջին տարիների համընդհանուր տնտեսական ճգնաժամին՝ նման կարգի արվեստի գործերի նկատմամբ հետաքրքրությունն ու դրանց դիմաց առաջարկվող գումարները գնալով մեծանում են։ Բացի այդ, ամերիկացի և եվրոպացի հավաքորդներին արդեն լուրջ մրցակցություն են ապահովում Չինաստանի, Ռուսաստանի և Միջին Արևելքի հավաքորդները։