Սփիլբերգին բռնացրել են «Լինքոլն» ֆիլմում թույլ տված պատմական անճշտության մեջ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնեկտիկուտ նահանգից կոնգրեսական Ջո Քորթնին հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին մեղադրել է «Օսկար»-ի ներկայացված «Լինքոլն» ֆիլմում պատմական լուրջ անճշտություն ներկայացնելու համար, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։
Կոնգրեսականը նամակ է հղել «Լինքոլն»-ը նկարահանած DreamWorks Pictures կինոընկերությանը, որում նշվում է, որ ֆիլմում Կոնեկտիկուտ նահանգը ներկայացնող 2 կոնգրեսականներ դեմ են քվեարկում ստրկատիրության չեղյալ հայտարարման մասին օրենքում փոփոխություն կատարելուն։ Սակայն Քորթնին պնդում է, որ իրականում 1865թ. այդ նահանգը ներկայացնող 4 կոնգրեսական կողմ է քվեարկել 13-րդ փոփոխությանը։
«Ի՞նչ, Կոնեկտիկուտը քվեարկել է ստրկատիրության չեղյալ համարման դե՞մ։ Սա ինձ ուղղակի հունից հանում է»,-նամակում գրել է Քորթնին՝ նշելով, որ այդ նյութի վերաբերյալ որոնումներ է անցկացրել նաև համացանցում, ինչի արդյունքում հաստատվել է, որ Սփիլբերգն իրոք պատմական կոպիտ սխալ է թույլ տվել։
DreamWorks Pictures-ը դեռևս որևէ մեկանաբանություն չի արել։










