Մայր Աթոռում Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն է տեղի ունեցել

18:19 • 07.02.13

Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին՝ այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հանդիսություն, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:

 

Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել են Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները:

 

Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ:

 

Հանդիսությունը բացվել է Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով, ով ընդգծել է տոնի պատմական կարևորությունն ինչպես ներկայի, այնպես և ապագայի սերունդների հայեցի դաստիարակության և ոգու կերտման համար:

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵՊՀ պրոռեկտոր տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը` ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորելով Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա առիթով:

 

Միջոցառման մասնակիցներին Վարդանանց սխրագործության մասին բանախոսություն է ներկայացրել ճեմարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիս Հարությունյանը:

 

Հանդիսության ընթացքում հոգևոր ու հայրենասիրական երգերով հանդես են եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի երգչախմբերը, ներկայացվել են նաև Ավարայրի հերոսներին նվիրված բանաստեղծություններ:

 

Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառման ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով ընդգծել է, որ Վարդանանց արյունով սրբագործվեց հայրենի հողը, կերտվեց հայ ժողովրդի հարատևության խորհուրդը` ապրելու և գործելու հանուն Հայրենիքի և հավատքի:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին կյանքում ընթանալ Վարդանանց ոգով, որն իր մեջ կրում է հայրենասիրության ու աստվածասիրության խորհուրդը, և տոնի խորհուրդը նկատելով որպես իրենց ուղղված Վարդանանց պատգամ, այն կենսագործել ամենօրյա կյանքում:

 

Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Համալսարանի ղեկավարությանն ու Ճեմարանի տեսչությանը՝ ոգեշնչող միջոցառման կազմակերպման համար: