Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը

11:50 • 07.02.13

Այսօր առավոտյան ծանր ու երկարատև հիվանդությունից մահացել է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:


Վերջինիս խոսքով՝ կազմավորվելու է Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով, այլ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:


Նշենք, որ Հովհաննես Գրիգորյանը բանաստեղծությունների ութ ժողովածուի հեղինակ է, որոնցից վերջինը՝ 2010 թվականին տպագրված գիրքը, կոչվում է՝«Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ»:


Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն տպագրվել է՝ 1979թ. «Բոլորովին ուրիշ աշուն», որին հաջորդել են՝ «Անձրև մի տխուր առիթով» (1982թ.), «Դանդաղ ժամեր» (1986թ.), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992թ.), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996թ.), «Կես ժամանակ» (2002թ.), «Գիշերահավասար» (2006թ.):


Հովհաննես Գրիգորյանն ունի նաև մանկական բանաստեղծությունների ժողովածուներ. «Քո առաջին բառերը» և «Ամենա, ամենա Սոնան»:


Հովհաննես Գրիգորյանը թարգմանություններ է կատարել իսպաներենից և ռուսերենից. Խուլիո Կորտասար՝ «Վիճակախաղ», Կարլոս Ֆուենտես՝ «Արտեմիո Կրուսի մահը», Խոսե Օրտեգա-Ի-Գասեթ՝ «Մշակույթի փիլիսոփայություն», էսսեների ժողովածու, Ֆերնանդո Դի Ռոխաս՝ «Սելեստինա» և Նիկոլայ Տիխոնով «Կավ և կրակ» ,բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ։


Հովհաննես Գրիգորյանն ունի բազմաթիվ պետական մրցանակներ՝ ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է, ստացել է Ավ. Իսահակյանի անվան և «Վահագն» գրական մրցանակներ, Արցախի պետական մրցանակ և Մովսես Խորենացու մեդալ:


Հովհաննես Գրիգորյանը նաև քաղաքական բանաստեղծությունների հեղինակ է։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը։

Ոստիկանական լրատու

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն,
20–րդ դարի վերջին, ժամը 16 անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները՝ բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք շտապ հայտնել պառլամենտ, որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...