Արսեն դպիր Կոստանդնուպոլսեցու հանրագիտական բառարանից մինչև «Հայաստան» հանրագիտարան. հեղինակի անդրադարձը

18:08 • 08.02.13

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը տպագրել է «Հայաստան» ստվարածավալ հանրագիտարանը, և այն արդեն կարելի է ձեռք բերել գրախանութներից։ Ստորև ներկայացնում ենք հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հոդվածը, որն անդրադարձ է ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային հանրագիտարանային մշակույթի պատմությանը: Նշենք, որ «Հայաստան» հանրագիտարանը բաղկացած է երկու մասից՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», և նպատակը ԼՂՀ փաստացի անկախությունը հերթական անգամ շեշտադրելն ու հայկական երկրորդ պետության կայացման ու պետականաշինության գործընթացը ներկայացնելն է։

 


Մեզանում առաջին՝ Արսեն դպիր Կոստանդնուպոլսեցու «Գիրք սահմանաց յոգնադիմի իրողութեանց...», հանրագիտական բառարանը լույս է տեսել 1749թ.-ին Կ. Պոլսում: Ճիշտ այն ժամանակ, երբ Փարիզում Դենի Դիդրոյի գլխավորությամբ նախապատրաստվում էր ֆրանսիական բազմահատոր հանրագիտարանի (35 հատոր, 1751–80 թթ.) հրատարակությունը։ Վերջինս, ինչպես հայտնի է, լինելով բացառիկ հաջողված և անցյալի հանրագիտարանային մշակույթի լիարժեք հանրագումար, դարձել է դասական հանրագիտարանի նմուշօրինակ։ Հետագա գրեթե բոլոր հանրագիտարանները պատրաստվել են այդ հանրագիտարանի սկզբունքներով։

 


Հայերեն առաջին հանրագիտարանին հաջորդել են մի շարք հանրագիտական բառարաններ, որոնցից առավել արժեքավոր է հատկապես Մխիթար Սեբաստացու և նրա աշակերտների ջանքերով ստեղծված «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 2, 1749, 1769) բառարանը, որով դրվել է հայ բառարանագրության հիմքն ու կանխորոշվել հայկական գիտական տերմինաբանության զարգացման ընթացքը։

 


Հայաստանում (ներկայիս ՀՀ տարածքում) հանրագիտարան ունենալու խնդիրը դրվել է միայն խորհրդային իշխանության տարիներին: 1932-ին ստեղծվել և շուրջ 2 տարի գործել է համապատասխան խմբագրություն՝ հայտնի պետական գործիչ, հրապարակախոս Դրաստամատ Տեր-Սիմոնյանի գլխավորությամբ, և սկսվել է «Հայկական խորհրդային հանրագիտարանի» նախապատրաստությունը։ Սակայն, տարբեր պատճառներով (Գիտությունների ակադեմիայի բացակայություն, համալսարանական մշակույթի անկատարություն և այլն) հանրագիտարան ստեղծելու այդ փորձը ձախողվել է։ Լույս են ընծայվել միայն 2 փոքր պրակներ, և դրանով գործն ավարտվել է։


Եվ միայն 1960-ական թվականներին, այսպես կոչված, «ձնհալի» ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը յուրատեսակ զարթոնք ապրեց, բարձրացվել է նաև հայկական հանրագիտարան ստեղծելու հարցը։ ՀԿԿ ԿԿ նախագահության 1964 թ-ի հոկտեմբերի 6-ի նիստում Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ) հրատարակելու մասին որոշումն ընդունվել է (արձանագրություն դ 36, կ. 10): Նույն որոշմամբ` հանրագիտարանի հրատարակման պատասխանատվությունը դրվել է ՀԽՍՀ ԳԱ-ի վրա, իսկ աշխատանքի կատարման համար նախատեսվել է 5 տարի (1967–72 թթ.)։

 


Իհարկե, այդ կարճ ժամկետում բազմահատոր հանրագիտարան ստեղծել պարզապես հնարավոր չէր։ Ճիշտ է` նախապատրաստական աշխատանքներն սկսվել են նախատեսված 1967 թ-ին, բայց ավարտվել են միայն 1987-ին՝ 20 տարի անց, իսկ 10-ի փոխարեն հրատարակվել է 13 հատոր։

 


Պիտի ասել, որ Գիտությունների ակադեմիան` նախագահ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, ով նաև ՀՍՀ 1-ին հատորի (1974) գլխավոր խմբագիրն էր և հրատարակության գիտահրատարակչական խորհրդի ու խմբագրական կոլեգիայի անփոփոխ նախագահը, ստեղծված խմբի հետ հսկայական աշխատանք է կատարել։ Նախ ստեղծվել են գիտության ու գիտելիքի բոլոր բնագավառների թեմատիկ բառացանկերը, ապա՝ ընդհանուր բառացանկը, մշակվել են հոդվածների կազմման տիպային սխեմաներ, համառոտագրությունների ու կրճատումների ցանկեր, պատկերազարդման սկզբունքները և այդ ամենն ամփոփվել է Մեթոդական ցուցումներում։


Նախապես ընտրված 150 հզ. բառ-տերմինից վերջնական բառացանկում թողնվել է միայն 50 հզ-ը, և համապատասխան նյութը շարադրվել է 12 հիմնական ու 1 լրացուցիչ («Սովետական Հայաստան») հատորներում։


Հանրագիտարանի հոդվածների զգալի մասը պատրաստել են ժամանակի հայ երևելի մտավորականները և տպագրվել է նրանց ստորագրությամբ, որն այդ հրատարակության ակնհայտ առավելություններից է։ Լուրջ աշխատանք է կատարվել նաև պատկերազարդման ուղղությամբ. հատորներում զետեղված 300-ից ավելի քարտեզների զգալի մասը կազմվել է առաջին անգամ՝ հանրագիտարանի համար։ Պատրաստվել է նաև հատուկ տառատեսակ («հանրագիտարանային», հեղինակ` Հենրիկ Մնացականյան) հանրագիտարանը տպագրելու համար։


Պատկերն ամբողջացնելու համար ասենք, որ նախադեպը չունեցող այդ հրատարակությունը բացառիկ էր նաև իր հսկայական տպաքանակով՝ 100 հզ. օրինակ, և 1988 թ-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։


Անկախացումից հետո երկրում սկսված տարատեսակ ճգնաժամերը զգալիորեն խոչընդոտել են նաև մեր հանրագիտարանաստեղծ աշխատանքը։ Այդուհանդերձ` հրատարակչությունը ոչ միայն կարողացավ դիմակայել բազմատեսակ դժվարությունների ու փորձությունների, այլև շարունակեց իր առաքելությունը և տպագրեց մի շարք հանրագիտարաններ՝ «Հայկական համառոտ հանրագիտարան» (4 հատոր), 1990–2003 թթ., ընտանեկան հանրագիտական մատենաշար [«Տնային տնտեսության հանրագիտարան», 1997 թ., «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», 2001 թ. «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարան, 2002 թ.], թեմատիկ [«Հայկական հարց», 1996 թ., ռուս.՝ 1990 թ., «Քրիստոնյա Հայաստան», 2002 թ., «Հայ Սփյուռք», 2003 թ., «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ». 1988–94, 2005 թ., «Ով ով է. հայեր» կենսագրական (2 հատոր), 2005–07 թթ.], դպրոցական [«Ինչ է, ով է» (4 հատոր), 1984–87 թթ., «Ոսկեփորիկ» (3 հատոր), 1990–99 թթ., «Դպրոցական մեծ հանրագիտարան» (2 գիրք, 4 հատոր), 2007–10 թթ.]։


Նորընծա «Հայաստան» հատորը ՀՀ անկախացումից և ԼՂՀ հռչակումից հետո առաջին հանրագիտարանն է, որտեղ նորովի ներկայացվում են հայոց ամբողջական պատմությունն իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում, հայկական պետականության բարդ ու դժվարին ճանապարհը, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և մյուս բնագավառների նվաճումները, հայոց հոգևոր կյանքն ու եկեղեցին, Սփյուռքը, Հայաստան աշխարհը՝ իր ֆիզիկաաշխարհագրական ու երկրաբանական նկարագրով։


Հատորը բաղկացած է երկու մասից՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն». նպատակը ԼՂՀ փաստացի անկախությունը հերթական անգամ շեշտադրելն է և հայկական երկրորդ պետության կայացման ու պետականաշինության գործընթացը ներկայացնելը։ Եվ միայն այդ նպատակով հայոց միասնական պատմությունից առանձնացվել են Արցախ աշխարհի պատմությունն ու մշակույթը և տրվել գրքի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» մասում։


Գիրքն իր ընդգրկումով, կառուցվածքով և շարադրանքի առանձնահատկություններով, բնականաբար, որոշակի աղերսներ ունի վերոհիշյալ «Սովետական Հայաստան» հատորի հետ, սակայն սկզբունքորեն տարբերվում է նրանից, որովհետև զերծ է գաղափարախոսական և այլազան կապանքներից։
Երկրորդ տարբերությունը մեր նորօրյա պատմությունն է՝ ՀՀ անկախացումն ու ԼՂՀ հռչակումը` իրադարձություններ, որոնք մեծ ձեռքբերում են հայոց պետականության պատմության մեջ։ Դրանք պատշաճորեն ներկայացված են գրքի և՛ «Հայաստանի Հանրապետություն», և՛ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» մասերում՝ յուրաքանչյուրում շեշտադրելով ազգային-ազատագրական պայքարի իրեն բնորոշ առանձնահատկությունները` ՀՀ-ում՝ ազատագրական շարժման գաղափարաքաղաքական կազմակերպման, ԼՂՀ-ում՝ հերոսամարտի պատմությունները։


Մյուս, թերևս սկզբունքային, տարբերությունն այն է, որ սույն հատորն ինքնուրույն գիրք է, մինչդեռ նախկինը բազմահատորյակի բաղկացուցիչ մաս էր և առանձին հասկացությունների հանգամանորեն անդրադառնալու, հանրապետության պետական այրերի, հայտնի գործիչների ու մտավորականների կենսագրություններն ու դիմանկարները զետեղելու խնդիր չուներ, իսկ այս հատորում դրանք պարտադիր են՝ նյութի ամբողջականությունն ապահովելու առումով։


Գրքում զգալի տեղ է հատկացված գիտությանը, որը ներկայացված է 3 խոշոր՝ բնական, հասարակական և տեխնիկական գիտություններ ենթաբաժիններով։ «Մշակույթ» բաժինը ներառում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ճարտարապետություն», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Պարարվեստ», «Թատրոն», «Կրկես», «Կինո» ենթաբաժինները, որտեղ ամփոփված են հայոց բազմադարյան մշակույթի պատմությունն ու արդի վիճակը տվյալ ոլորտներում։
Զանգվածային լրատվության միջոցները՝ հայ պարբերական մամուլը, ռադիոն ու հեռուստատեսությունը, լրատվական գործակալությունները ներկայացված են իրենց սկզբնավորումից մինչև վերջին շրջանի զարգացումները՝ համացանց, էլեկտրոնային և առցանց լրատվության միջոցներ և այլն։


ՀՀ և ԼՂՀ վարչատարածքային բաժանմանը վերաբերող բաժիններում ներկայացված են հանրապետությունների մայրաքաղաքներն ու մարզերը (ԼՂՀ-ում՝ շրջանները)՝ պատմական համառոտ ակնարկներով, ներկայի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու կրթամշակութային վիճակի ընդհանուր նկարագրով։


Հատորն աչքի է ընկնում հարուստ պատկերազարդմամբ ու բազմաթիվ թեմատիկ քարտեզներով, որոնց մեծ մասը ներկայացված է միացյալ` մեկ անգամ ևս ընդգծելու համար ՀՀ և ԼՂՀ համապատասխան ոլորտների օրգանական միասնությունը։
Հավելվածներում տրված են ՀՀ և ԼՂՀ նախագահների, ԱԺ-ների նախագահների, վարչապետների, Հայաստանի Ազգային ու Արցախի հերոսների, մի շարք պետական, հասարակական-քաղաքական գործիչների կենսագրությունները, Խորհրդային Միության և Սոցիալիստական աշխատանքի հայ հերոսների, Փառքի 3 աստիճանի շքանշանակիրների, ինչպես նաև ԽՍՀՄ, ՀՀ և ԼՂՀ պետական և այլ մրցանակակիրների, ճանաչված հայ մարզիկների (օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ) ցուցակները և այլն։


Գրքում հակիրճ ներկայացված են նաև անկախացումից հետո ՀՀ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնում երբևէ ընտրված կուսակցությունները։
Հատորը եզրափակող Ցուցիչում այբբենական կարգով տրված են հիմնական տեքստի շարադրանքում հանդիպող բազմաթիվ անձնանուններ, տեղանուններ, կարևոր հասկացություններ, որոնք խիստ օգտակար են ծավալուն գրքում արագ կողմնորոշվելու և անհրաժեշտ տեղեկությունը գտնելու համար։


«Հայաստան» հատորը շուրջ 100 հեղինակի, բազմաթիվ գերատեսչությունների, բուհերի, ակադեմիական ինստիտուտների գիտնականների համատեղ աշխատանքի արգասիք է` աշխատանք, որն արժանի է խորին հարգանքի և շնորհակալության:
Ամփոփելով, ավելացնենք նաև, որ մեզ այսօր անչափ ուրախացնում է այն, որ ընթերցողն սպասում է մեր հրատարակություններին, համացանցի բազմաթիվ կայքէջերում զետեղված հայերեն և, հատկապես, հայ իրականության վերաբերյալ նյութերը հիմնականում վերցված են մեր հրատարակություններից։ Կարևոր չէ, որ երբեմն` նաև առանց վկայակոչման:


«Հայկական հանրագիտարան. հրատարակչությունն» այսօր մեր երկրի միակ պետական հրատարակչությունն է, և հաջողությամբ շարունակում է իր առաքելությունը, իսկ մենք լավատեսությամբ սպասում ենք այն երանելի ժամանակներին, երբ հնարավորություն կունենանք սկսելու բազմահատոր «Հայկական հանրագիտարանի»` մեր նորանկախ երկրի հրատարակությունը։