Ֆրանսիայում ձերբակալվել է Դելակրուայի կտավը վնասած կինը
Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է Լանսում գտնվող Լուվրի թանգարանի մասնաճյուղի այցելուին, ով խզբզել էր Էժեն Դելակրուայի «Ազատություն բարիկադների վրա» կտավը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին։
Ինչպես նշում է պարբերականը, 28-ամյա կինը թանգարանի փակվելուց առաջ մարկերով խզբզել է կտավի ներքևի հատվածում։ Նրան անհապաղ բռնել են թանգարանի աշխատակիցն ու մեկ այլ այցելու, այնուհետև հանձնել ոստիկանությանը, ասվում է թանգարանի հայտարարության մեջ։
«Առաջին հայացքից թվում է, որ գրածը հեշտությամբ կմաքրվի»,- հայտնել են Լուվրի թանգարանից և Լանսի մասնաճյուղից։
«Լուվրի կտավների բաժինը և մասնագետն այսօր կգնահատեն աշխատանքների ծավալը, նրանք արդեն տեղում են։ Մասնագետների կանխատեսումներից կախված որոշում կկայացվի՝ ուղարկե՞լ նկարը վերականգնման, թե՞ ոչ»,- ասել են թանգարանից։










