Մատիսի «Կարմիր տաբատով հարճը» կտավը կվերդառնա Վենեսուելա
Անրի Մատիսի «Կարմիր տաբատով հարճը» կտավը, որը գողացվել էր 2002թ. Կարակասի Ժամանակակից արվեստների թանգարանից, կվերադարձվի Վենեսուելա, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Այդ մասին հայտնել է Մշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Ռաուլ Գրիոնան՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա հուլիսին կտավն առգրավվել է մաքսանենգերից ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում։
«Ամենայն հավանականությամբ, կտավը մեկ ամիս անց կվերադարձվի»,- ասել է Գրիոնան։ Նրա խոսքով, Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթեր է պատրաստում ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցելու համար, որոնք վկայում են այն մասին, որ կտավը գողացվել է Կարակասի թանգարանից և հանդիսանում է նրա սեփականությունը։
Այժմ կազմվում է Ինստիտուտի հանձնաժողովը, որը պետք է մեկնի Մայամի, որտեղ էլ նկարը կհանձնվի վենեսուելական կողմին համապատասխան փորձաքննությունից հետո։










