Պահքը հիշեցնում է մարդկության նպատակը` դրախտը. Տեր Եսայի քահանա Արթենյան
Մեծ պահքը այս տարի սկսվելու է փետրվարի 11-ից և ավարտվելու է Սուրբ Հարության կամ Զատկի տոնով, որը այս տարի Հայ առաքելական եկեղեցին տոնելու է մարտի 31-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Քահանայի խոսքով՝ ամեն անգամ մեծ պահքի շեմին կանգնելիս, տպավորություն է, որ պահեցողության ընթացքին առնչվող հոգևոր զգոն կեցվածքը միայն այդ օրերի համար է, բայց իրականում դա այդպես չէ: Ամբողջ պահքը հիշեցնում է մարդկության գլխավոր նպատակը` դրախտը:
«Այնպես չէ, որ այս օրերը ապրեցինք լավ, առաքինի վարքով, հետո ինչ կուզենք կանենք: Սուրբ Ծննդից մինչև Զատիկ մի ընթացք է, որ յուրաքանչյուր հավատացյալի համար մաքրվելու ընթացք է: Սուրբ Ծննդյան օրը, երբ ծնվեց մանուկ Հիսուս, դա այն երեխան է, որ ծնվում է մեր մեջ ու պետք է աճի, զորանա և հասնի այն հոգևոր վիճակին, որ Հարության օրվա օրինակով պատրաստ լինի զոհաբերվելու, ինչպես Քրիստոս զոհաբերվեց, այսինքն՝ պատրաստ լինի ամեն տեսակ չարիք, մեղք զոհել հանուն հոգևոր առողջության»,- ասաց Տեր Եսային:
Քահանայի խոսքով՝ պահքի ընթացքը, մարդկանց օգնում է կանգնել հոգևոր զորացման, առաքինության ճանապարհին:
Խոսելով պահքի ընթացքում դրսևորվող վարքի և սննդակարգի մասին` քահանան ասաց, որ մարդը պետք է սնվի բուսական կերակուրներով միայն:
«Աստվածահաճո վարքը ծառայելն է մարդկանց: Ցույց չտաս ոչ մեկին, որ պահք ես պահում: Ամեն մարդ իր համար և իր հոգու փրկության համար է դա անում: Կենդանական կերակուրները մարդկանց համար սովորաբար ամենահաճելի կերակուրներն են, դրանք ավելի գրգռում են մարդու ցանկությունները»,- ասաց քահանա Արթենյանը:
Քահանան ասաց, որ կենդանական ծագմամբ սննդից հրաժարվելով, մարդը մտածում է` ի՞նչ պետք է ուտի, ի՞նչ չանի, ինքը անընդհատ հիշում է, որ պահք է պահում:
«Շատ հաճախ ասում են, որ սննդի պահքին պետք է հետևեմ, բայց առաքինի ոչինչ չանեմ կամ որոշում են սննդի պահքը չպահել և առաքինի վարք ունենալ: Դա սխալ մոտեցում է, եկեղեցին ընդունում է այդ երկուսի համադրումը»,- ասաց քահանան:
Տեր Եսայի քահանան ասաց, որ եթե իրապես մարդը չի կարող ամբողջ ընթացքում հետևել պահքին, եկեղեցին դեմ չէ, որ պահքը պահի առաջին շաբաթը: Հղի կանանց, անչափահաս երեխաներին, հիվանդ մարդկանց չի կարելի պարտադրել, որ պահք պահեն:
Խոսելով այս ընթացքում եկեղեցու փակ վարագույրների մասին, քահանան ասաց, որ դա խորհրդանշում է այն, երբ դրախտը մարդկային մեղքի պատճառով փակվեց մարդկության առաջ:
«Մեծ պահքի ընթացքում հանդիպում են այնպիսի տոներ, օրինակ՝ տյառնընդառաջը, որ մատուցվելու է բաց պատարագ: Ամեն գարնան գիշերահավասար դրան հաջորդող լուսնի լրումը երբ եղավ, դրանից հետո ընկած առաջին կիրակին Զատիկն է»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:










