Վահան Տերյանը այսօր կդառնար 128 տարեկան
Մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանը այսօր կդառնար 128 տարեկան: Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում Վահան Տերյանի շիրմաքարի շուրջ էին հավաքվել «Տերյան» մշակութային կենտրոնի, Հայաստանի գրողների միության և Ջավախք հայրենակցական միության ներկայացուցիչները ու բանաստեղծի անվան դպրոցի ուսուցիչներն ու սաները:
Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը նշեց, որ 128 տարի առաջ գեղատեսիլ Գանձակում այն ցուրտ ձնաբքի պայմաններում, Տերտերանց արու զավակներով լեցուն գերդաստանում ծնվեց արու մի զավակ՝ Վահանիկը:
«Ծնվեց մի մանչ, որն այդ նույն Գանձակում 6 տարեկանում պտի նայեր ու ասեր՝ «…ա՝խ ինչ լավն է մեր բոստանը, բայց ափսոս պիտի մեռնինք»: Այդ նույն մանչը ընդամենը 15 տարվա իր ստեղծագործական կյանքով մեր ժողովրդին տվեց այն մեծ հարստությունը, որով կարող ենք հպարտորեն ներկայանալ ամբողջ ժողովրդին: Նա ընդամենը 35 տարեկանում այդ նույն բքի ու սառնամանիքի մեջ, բայց արդեն ցրտաշունչ Օրենբուրգում իր վերջին խոսքը պետք է գրեր՝ Պոետ մի անտեր ու անտուն, գիտեմ` ես կորած եմ, կորած. բայց դեռ երգն իմ երգում է տենդում- Օ, երազ է, երազ ու երազ...»,-ասաց նա:
Բանաստեղծ, Վահան Տերյանի ազգական Վարդ Ղազարյանը նշեց, որ Վահան Տերյանը մեծ շինարար է՝ բառաշինարար: Ըստ նրա՝ մեր հայ գրականությունը այսօր գնում է մեծանուն բանաստեղծի բացած ճանապարհով:
«Խնդրեմ, կարդացեք, հայ ժամանակակից բանաստեղծներին, առաջինը նրանք ազդվում են Վահան Տերյանից, նա այսպիսի կախարդական բանաստեղծ է: Վահան Տերյանից մենք շատ բան ունենք սովորելու, մենք կգնանք, նա կմնա հավերժ»,-ընդգծեց նա:
Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն էլ ավելացրեց, որ Վահան Տերյանի գործերը այսօր շատ ավելի այժմեական են, քան ժամանակակից մի շարք բանաստեղծներինը:
Պանթեոնում էր նաև ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ով նշեց, որ Հայաստանում բանաստեղծի անվան տուն-թանգարան կառուցելու անհրաժեշտություն կա, որպեսզի հայ հասարակությունը ավելի կարողանա շփվել Տերյանի հետ:
«Կա մեկ թանգարան Օրենբուրգում և Երևանում նրա անվան դպրոցում՝ մեկ սենյակ՝ նվիրված Տերյանին: Մենք խոստացել ենք վերանորոգել այդ սենյակը, ինչը կարծում եմ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գլուխ կբերենք»,- ասաց նա:
Վահան Տերյանը վախճանվել է 1920թ հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում:










