Էլթոն Ջոնի համերգից հետո Չինաստանը խստացրել է օտարերկրյա երաժիշտների նկատմամբ պահանջները

14:43 • 11.02.13

Չինաստանի իշխանությունները խստացրել են օտարերկրյա երաժիշտների նկատմամբ պահանջներն այն բանից հետո, երբ հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը նոյեմբերին Պեկինում կայացած իր համերգը նվիրեց չին նկարիչ և ակտիվիստ Այ Վեյվեյի «համարձակությանն ու տաղանդին», հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։

 

Պարբերականը նշում է, որ համերգից հետո Էլթոն Ջոնի մոտ են եկել ոստիկանության ներկայացուցիչները՝ պահանջելով, որպեսզի երգիչը ստորագրի մի հայտարարության տակ, որում ասվում է, որ ինքն ի նկատի է ունեցել միայն այն, որ իրեն ոգեշնչում է բացառապես Վեյվեյի արվեստը, այլ ոչ թե նրա ակտիվիստ լինելը։

 

Սկանդալային համերգից հետո Չինաստանի մշակույթի նախարար Ցայ Վուն պահանջել է, որպեսզի այսուհետ հանրապետությունում ելույթ ունենալու արտոնագիր տրամադրվի միայն երաժշտական բուհերի շրջանավարտներին։

 

Թեև Չինաստանի մշակույթի նախարարությունում այս տեղեկությունը հերքում են, սակայն The Guardian-ի զրուցակիցները հաստատել են, որ այս տարվա սկզբից երկրում համերգներով հանդես գալու համար հայտ ներկայացրած մի քանի երաժիշտներ արդեն մերժում են ստացել, իսկ ակադեմիական երաժշտություն նվագող արտիստներից էլ պահանջել են իրենց երաժշտական կրթությունն ու որակավորումն ապացուցող փաստաթղթեր։

 

Պարբերականը հիշեցման կարգով նշում է, որ անցած անգամ Չինաստանի իշխանությունները խստացրել են օտարերկրյա երաժիշտների նկատմամբ կիրառվող պահանջները, երբ իսլանդացի երգչուհի Բյորքը 2008թ. Շանհայում կայացած համերգի ընթացքում բեմից բղավել է .«Տիբե՛թ, Տիբե՛թ»։ Այս միջադեպից հետո երգչուհուն մեղադրել են քաղաքականացված շոուի և չին ժողովրդի զգացմունքները վիրավորելու համար։