Փայտյա Ferrari, հագուստ և սնունդ. իտալացի արվեստագետը ստեղծել է սեփական փայտյա աշխարհը (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալիայի Վենետիկ քաղաքում բնակվող Լիվիո Դե Մարչիին կարելի է անվանել մերօրյա Ջեպետո պապիկ, քանի որ իտալացին փայտից ամենատարբեր իրեր պատրաստելու մեծ տաղանդ ունի։ Սակայն եթե Ջեպետո պապիկը սահմանափակվել է միայն Պինոկիոյով, ապա Դե Մարչին ստեղծել է սեփական փայտյա աշխարհը, գրում է Oddity Central-ը։
Նրա աշխատանքներն այնքան գերիրական տեսք ունեն, որ երբեմն դրանց նայելիս պարզապես անհնար է հավատալ, որ այդ ամենը փայտից է պատրաստված։ Քանդակագործի ամենաուշագրավ աշխատանքների թվում են Ferrari, Volkswagen Beetle, Mercedes Seagull մեքենաների կրկնօրինակները, ինչպես նաև ամբողջությամբ փայտից պատրաստված իրերով կահավորված տունը։ Հեղինակն այս տունը կոչում է «Երազ Վենետիկում» և մտադիր է աշխարհում ևս 9 նման տուն ստեղծել։
Դե Մարչիի աշխատանքները ցուցադրվել են Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, Տոկիոյում, Ցյուրիխում, Միլանում և Ֆլորենցիայում։ Բացի այդ, նրա յուրահատուկ տաղանդը լուսաբանող հոդվածներ են հրապարակել այնպիսի հեղինակավոր հրատարակություններ, ինչպիսիք են Vogue-ը, Interior Design-ը, Decoration-ը և Madame Figaro-ն։










