«Ազատ գոտի կամ Էլ. Հայաստան». նոր գիրք լրագրողական ուսումնասիրությունների մասին
Լուսանկարը՝ Jnews.am–ի
Լույս է տեսել «Ազատ գոտի կամ Էլ. Հայաստան» լրագրողական ուսումնասիրությունների գիրք, որը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը:
Գրքում զետեղված ուսումնասիրությունները Հայաստանում վերջին հինգ տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցության, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերների, ցանցային պատերազմների, լրատվամիջոցների փոխակերպման մասին են:
Գրքի խմբագիր, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանն այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց, որ սա կազմակերպության առաջին գիրքն է:
«Մենք հինգ տարեկան ենք, և այդ տարիների ընթացքում մեր հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են համացանցին, վերջինիս ազդեցությանը, և գրքում զետեղված 10 ուսումնասիրություններով փորձել ենք ամփոփել Հայաստանում այս ոլորտի վերջին հինգ տարիների զարգացումները»,- ասաց նա:
Սուրեն Դեհերյանի խոսքով՝ այսօր արդեն ոլորտում փոփոխություններ կան, ինտերնետը Հայաստանում շատ արագ է տարածվում, և այսօր արդեն հասել է այն մակարդակին, որ արդեն միայն էլեկտրոնային հասցե ունենալը բավարար չէ էլեկտրոնային հասարակություն ունեցող երկիր համարվելու համար:
«Մենք հույս ունենք, որ այս գիրքը կարող է որոշ չափով օգտակար լինել լրագրողներին ինչ չանելու առումով»,- նշեց գրքի խմբագիրը՝ հավելելով, որ այս պահին կարող ենք արձանագրել, որ դաշտն ազատ է տեղեկություն ստանալու և տարածելու առումով:
Գրքում ներկայացված է նաև կազմակերպության հեղինակած «Առցանց լրագրողի վարքականոնը», որն ուղղված է համացանցում հանրային տեղեկություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:
Գիրքը կտարածվի անվճար հիմունքներով լրագրության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացող ուսանողների, դասախոսների, լրագրողների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողների շրջանում:
«Ազատ գոտի կամ Էլ. Հայաստան»–ը հրատարակվել է «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:










