Քիմ Քաշքաշյանը` «Գրեմմիի» մրցանակակիր. աշխարհահռչակ հայ ալտահարի սոլո-կատարումը լավագույնն է ճանաչվել

10:04 • 11.02.13

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ արարողությունը:

 

Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան լրատվամիջոցներից, «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում մրցանակի է արժանացել աշխարհահռչակ հայ երաժիշտ Քիմ Քաշքաշյանը` Kurtág and Ligeti: Music For Viola սոլո-ալբոմի համար:

 

Քաշքաշյանը ծնվել է ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում` 1952թ-ին: Նա ուսանել է Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում (ԱՄՆ): 1986 թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ դասավանդել է Ֆրայբուրգի երաժշտական համալսարանում, ինչպես նաև «Հանս Այսլեր» երաժշտական ուսումնարանում:

 

Քաշքաշյանն այսօր իր սերնդի ամենահայտնի երաժիշտներից է: Նրան մեծ ճանաչում է բերել հատկապես հաղթանակը հեղինակավոր Լայոնել Թերթիսի անվան ալտահարների միջազգային մրցույթում:

 
Որպես մենակատար՝ Քաշքաշյանը հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ` դիրիժորներ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Քաշքաշյանը հանդես է եկել նաև հանրահայտ «Տոկիո լարային քառյակ»-ի հետ:

 

Ալտահարը համագործակցել է աշխարհահռչակ մի շարք կոմպոզիտորների հետ (Սոֆյա Գուբայդուլինա, Քշիշտոֆ Պենդերեցկիի, Գիա Կանչելիի, Արվո Պյարտի): Քաշքաշյանը երկար տարիներ համագործակցել է նաև հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Մանսուրյանը «Հավատով խոստովանենք» ալտի կոնցերտը 1998թ. գրել է Քիմ Քաշքաշյանի և Երևանի կամերային երգչախմբի համար:

 

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1958թ. և գնահատում է բազմաոճ երաժիշտների, երգիչների ու երգահանների տարվա ձեռքբերումները: Այս տարի «երաժշտական Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնվել է ամերիկյան Fun խմբին. փոփ-խմբի We Are Young-ը ճանաչվել է «Տարվա լավագույն երգ»: