Բրյուս Ուիլիսը՝ Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր

16:46 • 12.02.13

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսին շնորհել է Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի (l'Ordre des Arts et des Lettres) կոչում՝ համաշխարհային կինեմատոգրաֆի ոլորտում ունեցած ներդրման համար, հայտնում է Euromag-ը։

 

Շքանշանի շնորհման պաշտոնական արարողության ժամանակ դերասանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացիներին իր մասնակցությամբ ֆիլմերը սիրելու համար։

«Ամեն անգամ, երբ ես գտնվում եմ Փարիզում, ինձ զգում եմ, ինչպես տանը։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն ինձ դեռևս ստիպում է ծիծաղել»,- ասել է Ուիլիսը։ Շքանշանի շնորհման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում. դերասանը դրան մասնակցել է կնոջ՝ Էմմա Հեմինգի հետ։

 

Այս պատվավոր շքանշանը շնորհվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից 1957թ. ի վեր՝  դերասանության կամ գրականության ոլորտում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների, ինչպես նաև Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում արվեստի և գրականության տարածման գործում ունեցած ներդրման համար։

 

Ավելի վաղ այս կոչմանն արժանացել են Ժակ Իվ Կուստոն, Քլինթ Իսթվուդը, Ռոման Պոլանսկին, Նիկիտա Միխալկովը, Իննա Չուրիկովան, Գալինա Վիշնևսկայան և այլք։