Տյառնընդառաջը շարժական տոն չէ և նշվում է Հիսուսի ծննդյան 40-րդ օրը. քահանա

13:23 • 12.02.13

Մեր ժողովրդի համար միշտ շփոթմունք է առաջանում՝ Տյառնընդառաջը փետրվարի 14-ին է, թե 13-ին: Բուն տոնը շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին, Հիսուսի ծննդյան 40-րդ օրը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:


«Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան, ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Սբ սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը այն տուն է տանում»,- ասաց քահանան:


Ներկայացնելով տոնի եկեղեցական խորհուրդը քահանան ասաց, որ խորհուրդն է, որ մենք գնանք Տիրոջն ընդառաջ, առավելապես նորապսակները, որ ընտանիք են կազմում:


Քահանան ներկայացրեց տոնի նախապատմությունը. երբ լրանում է Հիսուսի ծննդյան քառասուն օրը, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Աստծո տաճար: Փոքրիկ Հիսուսին տեսնելով՝ նրան ընդառաջ է գալիս Սիմոն անունով մի ծերունի: Այստեղից էլ առաջացել է Տյառընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:


Ինչ վերաբերում է նրան, որ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, խարույկ են վառում, ապա հոգևոր հայրը նշեց, որ այն ընդամենը ժողովրդական սովորություն է: «Այն, ինչ ժողովուրդը սիրում է, և դա ընդամենը բանահյուսություն է և ոչ թե պաշտամունք եկեղեցին դեմ չէ, բայց եթե պաշտամունք է, դա արդեն սխալ է»,- ասաց նա:


Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը տեղեկացրեց, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Տյառնընդառաջի Սբ պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ և Տյառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ պատարագ:


Ի դեպ, քահանայի խոսքով, տոնը նշանվածներին չի վերաբերվում. «Քանի որ ասում է, որ պետք է մերձենան և զավակ ունեն»: