Նորաձևության մասին լավագույն ֆիլմերը (լուսանկարներ)
Նորաձևությունն ու կինոն անբաժանելիորեն կապված են միմյանց հետ, գրում է buro247.ru-ն։
Ստեղծվել են մի քանի տասնյակ ֆիլմեր, ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական, որոնք պատմում են լեգենդար դիզայներների հաջողությունների, նորաձևության և Vogue աշխարհի մարդկանց հետ շփման նրբությունների մասին։
1. Իվ Սեն Լորան. «Խելահեղ սեր», 2010
Ռեժիսոր՝ Պիեր Տորետոն
Իվ Սեն Լորանի մասին վավերագրական ֆիլմը պատմում է ոչ այնքան դիզայների տաղանդի, որքան նրա ներքին ապրումների, զգացմունքների, անձնական կյանքի մասին։ Սյուժեն պտտվում է Լորանի և Պիեր Բերժեի սիրավեպի շուրջ։ Տեղեկատվության ճշմարտացիությունը հաստատվում է բազմաթիվ հարցազրույցներով անձամբ Բերժեի և դիզայների մուսա Լուլու Դե լա Ֆալեզի և Կատրին Դենյովի հետ։

2. «Սեպտեմբերյան համար», 2009
Ռեժիսոր՝ Ջ. Քատլեր
Ֆիլմը կոչված է ցույց տալու Vogue ամսագրի առեղծվածային ստեղծումը։ Այն ստեղծված է պարզ սկզբունքով՝ «խառնում ենք նորաձևության ցուցադրության նկարահանումները», որպես «սոուս»՝ Աննա Վինտուրի բազմանշանակ հայացքները և ցինիկ դիտողությունները։

3. «Վալենտինո. Վերջին կայսր», 2008
Ռեժիսոր՝ Մեէ Տիրնաուր
Այս ֆիլմը սիրային նամակ է՝ ուղղված ծեր, խնամված և արևայրուք ընդունած իտալացի Վալենտինո Գարավանիին։ Ստեղծվել է դիզայների՝ թոշակի անցնելու կապակցությամբ, իսկ այսպիսի կերպարը չի կարող հեռանալ բեմից անաղմուկ։ Այնպես որ պատրաստվե՛ք նրա կարապի երգին. այն վառ է, շքեղ, Valentino-ի ոճում։

4. «Լագերֆելդի գաղտնիքները», 2007
Ռեժիսոր՝ Ռոդոլֆ Մորկոնի
Նա վիրավորում է Ադելին և Միշել Օբամային, սպասավոր է վարձում իր կատվի համար, հրաժարվում է գեթ մեկ անգամ մտնել մթերային խանութ։ Հավանաբար, մի ամբողջ կյանք անհրաժեշտ կլինի Կառլ Լագերֆելդին հասկանալու համար։ Ֆիլմը ստեղծված է այս ոսկե տաղանդին հասկանալու և ընդունելու համար։

5. «Բարձր նորաձևություն», 1994
Ռեժիսոր՝ Ռոբերտ Օլտմեն
Դիզայներներ, լուսանկարիչներ, ամսագրերի խմբագիրներ, թղթակիցներ. Ռոբերտ Օլտմենը բոլորին հավաքել է իր հեգնական ֆիլմում։ Ձգողականության կենտրոնը Փարիզն է, ժամանակը՝ նորաձևության շաբաթ։

6. «Կոկոն մինչ Chanel», 2009
Ռեժիսոր՝ Էն Ֆոնտեն
Յուրաքանչյուր աղջիկ կարդացել է Կոկոյի մտքերը, գնել կամ երազել է գնել կոստյում, սև զգեստ կամ փոքրիկ Chanel պայուսակ։ Իսկ ի՞նչ գիտենք մենք լեգենդար ֆրանսուհու մասին, ով «ամբողջ աշխարհը հագցրել է սգո հագուստով»։ Նորաձևության տան հիմնադրի դերը մարմնավորում է Օդրի Տոտուն։ Ֆիլմը պատկերում է անհայտ և աղքատ Գաբրիելի առաջին քայլերը և Օլիմպոս բարձրանալու դժվարությունները։

7. «Սատանան Prada է կրում», 2006
Ռեժիսոր՝ Դևիդ Ֆրենկել
Ֆիլմն իրապես համարվում է նորաձևության ոլորտի ամենահզոր պատկերումներից մեկը։

8. Բիլ Կանինգհեմ Նյու Յորք, 2010
Ռեժիսոր՝ Ռիչարդ Պրես
Բիլ Կանինգհեմը streetstyle լուսանկարչության վետերան է, հենց նա է դարձել տվյալ ուղղվածության հիմնադիրը։ Երբ Բիլը տեսախցիկով դուրս եկավ Նյու Յորքի փողոցներ, բոլորը սկսեցին հագնվել հենց նրա համար։











