Իրանական թառը գործածվել է վաղուց, իսկ Ադրբեջանը ստեղծվել է 1918–ին. Իրանի դեսպան

14:27 • 12.02.13

Հայաստանում Իրանի իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին մասնագիտացված չէ երաժշտական գործիքների հարցում և չի կարող հստակ ասել՝ թառը երբվանի՞ց է այն որպես երաժշտական գործիք գործածվում Հայաստանում և Իրանում, բայց հաստատ գիտի, որ Ադրբեջանն ստեղծվել է 1918–ին։ 


Այս մասին դեսպանն ասաց այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսին՝ ի պատասխան հարցի, թե իրանական կողմը պատրա՞ստ է օգտվել հայ գիտնականների աջակցությունից՝ թառ գործիքի ծագման մասին վեճում:


«Որքան գիտեմ՝ թառը իրանական երաժշտական գործիք է եղել, դե կան երկրներ, որոնք իրենցից ոչինչ չունեն, պետք է ուրիշինը վերցնեն ու գրանցեն իրենց անունով: Կարծում եմ՝ գիտեք, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918–ին: Դուք ձեր կողմից տեսնում եք, թե թառը որ թվականից է գոյություն ունեցել»,- հայտարարեց իրանցի դիվանագետը:


Ամեն դեպքում, Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, որ Իրանը պատրաստակամ է ուսումնասիրել այդ հարցը: