Գիտնականները կարծում են, որ Պիկասոն օգտագործել է նաև սովորական ներկեր
Որոշ նկարներ ստեղծելու համար Պաբլո Պիկասոն օգտագործել է ներկարարական ներկեր: Նման եզրակացության են հանգել Չիկագոյի Արվեստների ինստիտուտի և Արգոնյան ազգային լաբորատորիայի գիտնականները, որոնք հետազոտել են իսպանացու մի քանի կտավներ: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով NewScientist-ին, որում առկա է գիտական աշխատանքների կարճ բովանդակությունը:
Արվեստների պատմության մասնագետները ենթադրում էին, որ Պիկասսոն առաջին գեղանկարիչներից էր, որ յուղային ներկի փոխարեն սկսել էր օգտագործել էմալայինը, որն ավելի շուտ է չորանում և օգտագործվում է տան աշխատանքներում: Անցկացվել է նրա կտավների գունային մակերեսի մի քանի հետազոտություններ, սակայն դրանց արդյունքները համոզիչ չէին, որովհետև անհնար էր որոշել ներկի փոքրագույն կառուցվածքային բաղադրիչները:
Ամերիկյան գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ Պիկասոյի նկարի ներկի օրինակում առկա ցինկի և երկաթի օքսիդի բաղադրությունը հավասար է Ripolin ընկերության ներկերի բաղադրությանը:
Ripolin-ը էմալային ներկեր արտադրող առաջին կոմերցիոն ապրանքանիշն էր, որը հիմնադրվել էր Նիդերլանդներում՝ XIX դարի վերջերին: 1930-ականներին Ripolin ներկերը բավականին տարածված էին: Ենթադրվում է, որ Պիկասոն և Լե Կորբյուզեն իրենց նկարները ստեղծելիս օգտագործել են նման ներկեր, սակայն դա հաջողվել է ապացուցել միայն հիմա՝ քիմիական հետազոտությունների օգնությամբ:
Ըստ գիտնականների՝ նանոցուցիչների կիրառությունը նրանց հնարավորություն կտա պարզել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում նկարի հնեցման ժամանակ:










