Իսրայելում ցուցադրվել են բիբլիական արքա Հերովդես Մեծի 2000 տարվա գանձերը (լուսանկարներ)
Երուսաղեմի թանգարաններից մեկում ցուցադրության են հանվել բիբլիական Հերովդես Մեծ թագավորի 2000 տարվա վաղեմություն ունեցող գանձերը, որոնցով ժամանակին զարդարված է եղել նրա պալատը, գրում է Daily Mail-ը։
Ներկայացված 250 նմուշները հայտնաբերվել են անցած 40 տարիների ընթացքում՝ Հերոդիում ամրոցում իրականացված պեղումների ժամանակ, իսկ թագավորի բուն պալատը գտնվում է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող բլրի գագաթին։
Նմուշների շարքում շատ են կիսանդրիներն ու արձանները, որոնք ստեղծվել են այն ժամանակաշրջանում, երբ հռոմեացիները գրավել են Սուրբ Երկիրը և Հերովդեսին նշանակել որպես ջհուդների միապետ։
Շուրջ 30 տարի Հերովդեսի իշխանության տակ են եղել ներկայիս Իսրայելի և Արևմտյան ափի տարածքները։ Այս արքան Աստվածաշնչից հայտնի է նաև որպես մանկասպան, ով իր զինվորներին հրամայել է սպանել Հիսուս Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի բոլոր նորածին տղաներին՝ վախենալով, որ նրանցից մեկը կմեծանա և իրեն գահընկեց կանի։










