Ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթել է 387 աշակերտ

12:00 • 13.02.13

Ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցած Հայաստանի մոտ 1400 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից հաղթող է ճանաչվել 387-ը, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտնեցին մրցույթի կազմակերպիչները: 


Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ նրանք նշեցին, որ դպրոցական փուլին մասնակցել են այն աշակերտները, որոնք նախապես գրանցվել են Dasaran.am կայքում:


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Անտարես» հրատարակչությունը` Dasaran.am-ի ինֆորմացիոն աջակցությամբ, «Գրանիշ» գրական ակումբի, Խնկո Ապոր անվան գրադարանի, Հայաստանի գրողների միության աջակցությամբ, և Reso Insurance-ի, Samsung-ի, 1Print-ի, «Աշտարակ կաթ»-ի, Ucom-ի, «Գուրմէ Դուրմե»-ի հովանավորությամբ անցկացված մրցույթի հաղթողներին սպասվում են տարատեսակ նվերներ:


Ինչպես նշեց մրցույթի նախաձեռնող «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, Reso Insurance ապահովագրական ընկերությունը բոլոր հաղթողներին կապահովագրի պատահարներից, Samsung ընկերությունը կնվիրի երեք համակարգային սենյակ, «Գուրմէ Դուրմե»-ն կնվիրի շոկոլադ, իսկ արդեն մարզային փուլի հաղթողներին Ucom-ը կապահովի ինտերնետային կապով դասարաններով:


«Օլիմպիադայի նպատակը ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանումն է և հայ հասարակության համար ինտելեկտուալ սերունդ ձևավորելը»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:


Ասուլիսին ներկա Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այս մրցույթը կխթանի լուծելու ընթերցանության հետ կապված խնդիրները:


Նրա խոսքով՝ այս տարվա օլիմպիադաներին նույնպես հաղթանակները շատ էին, և մեկ ուսումնական տարվա ընթացքում 18 աշակերտ դարձավ մեդալակիր: