Ուկրաինուհին ստեղծում է հայտնի անձանց դիմանկարները հազարավոր օգտագործված մաստակներից (լուսանկարներ)

18:28 • 14.02.13

Ուկրաինուհի Աննա Մատվեևան հայտնի անձանց դիմանկարները ստեղծելու համար բավական արտասովոր նյութ է կիրառում. երիտասարդ աղջիկը ներկերն ու վրձինը փոխարինել է օգտագործած մաստակներով, գրում է Oddity Central-ը։

 

Յուրաքանչյուր դիմանկար ավարտին հասցնելու համար նա օգտագործում է հազարից ավելի մաստակ։ 22-ամյա Աննան պատմել է, որ մաստակներով ստեղծագործելու միտքն իր մոտ պատահական է առաջացել։ Սկզբում նա փորձել է ամբողջական մաստակներով աշխատել, սակայն պարզել է, որ դրանք այդքան էլ ամուր չեն կպչում կտավին։ Իսկ ծամած մաստակով աշխատելն անհամեմատ ավելի է հեշտ է։

 

Աննան պատմել է, որ, օրինակ, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դիմանկարը ստեղծելու համար ինքը խնդրել է ամուսնուն և մի քանի բարեկամների օգնել իրեն մաստակները ծամելու հարցում։

 

Երիտասարդ «նկարչուհին» նաև նշել է, որ շուտով Դոնեցկում կկազմակերպի իր աշխատանքների ցուցահանդեսը, ինչից հետո դրանք կհանվեն վաճառքի։