ՀՀ գրավոր ժառանգությունը կպահպանվի թվայնացված տարբերակով. Հասմիկ Պողոսյան

13:59 • 14.02.13

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հայատառ գրադարանային թվանշային հավաքածու ստեղծելու մասին որոշումը:


ՀՀ մշակույթի նախարարի խոսքով՝ ամբողջ թվանշման համակարգը մինչ օրս գտնվում էր բավականին խառնիխուռն վիճակում, հստակեցված չէին սկզբունքները, ձևաչափերը:


«Գոյություն չուներ հստակ ծրագիր, հասկանալու, թե երբ պետք է սկսենք, ինչից սկսենք և ավարտենք: Թվանշային գրադարանի ստեղծման հիմնական նպատակը ՀՀ-ում գրավոր ժառանգության մաս կազմող հայատառ, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ տեղեկույթից համակարգված օգտվելու հնարավորությունն է»,-ասաց Հասմիկ Պողոսյանը:


Թվայնացված գրադարանը բաղկացած է լինելու պատճեններից և մատենագիտական տվյալներից, դրանք օգտվողներին տրամադրվելու են ազատ կարգով, անվճար, պարտադիր պետք է պահպանվի հեղինակային իրավունքի մասին օրենքը, որպես գլխադասային մարմին ճանաչված է Ազգային գրադարանը:


«Թվանշային գրադարանի հիմնական պաշարները հավաքված և ձևավորված են լինելու Ազգային գրադարանի հավաքածուից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված գրադարանից, ինչպես նաև գնման և փոխանակման կարգով տրամադրված նյութերից»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: