Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի մամլո դիվանի տարածած հաղորդագրությունից։
Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան՝ Միածնաէջ Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր տաճարի Իջման Սբ Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի շրջափակում ներկայությամբ հարյուրավոր ուխտավորների վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով:










