Facebook–ի ակցիայի արդյունքում 1000-ից ավելի մարդ գիրք նվեր կստանա «Զանգակ»–ից
«Զանգակ» հրատարակչությունը Գիրք նվիրելու օրվան նվիրված (փետրվարի 19) ֆեյսբուքյան ակցիայի շրջանակներում գիրք կնվիրի «Ֆեյսբուք» սոցցանցի 1000-ից ավելի օգտատերերի, որոնք իրենց նախընտրած գրքի համար 150 հավանում՝ լայք են ստացել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը:
Նրա խոսքով, ակցիայի նպատակն է եղել Գիրք նվիրելու օրը դարձնել շատ ավելի հանրաճանաչ։ «Այս միջոցառումով գիրք նվիրելու օրը դարձավ ավելի հիմնական տոն, քանի որ տարվա ընթացքում նշվող այլ տոների հետ համեմատած, կան տոներ, որոնք այդքան հանրային չեն դառնում, և այս ակցիայի արդյունքում այն ավելի հանրային դարձավ»,-ասաց Էմին Մկրտչյանը:
«Ֆեյսբուքը» որպես ակցիայի անցկացման հարթակ ընտրելու նպատակը, ըստ Էմին Մկրտչյանի, հիմնականում պայմանավորված է նրանով, որ այս սոցիալական ցանցը մեծ տարածում ունի Հայաստանում և այնտեղ է այն թիրախային խումբը, որը նաև պոտենցիալ ընթերցող է:
«Մի քանի օրերի ընթացքում եռապատկվել է Ֆեյսբուքյան մեր էջի համակիրների թիվը: Սա մեզ համար մի դաշտ է ստեղծում, որ մենք հետագայում նմանատիպ ակցիաների դեպքում ավելի հեշտ շփվենք թիրախային լսարանի հետ»,– ասաց նա:
Էմին Մկրտչյանը նշեց, որ կանխատեսելով լայնամասշտաբ արձագանքը, իրենք գրքի քանակի նկատմամբ սահմանափակում չեն դրել, քանի որ օրական հնարավորություն ունեն տպագրել ավելի քան 10 հազար գիրք:
«Տեսնում ենք, որ ընթերցանության պահանջարկը դեռ կա, և եթե հնարավոր է ընթերցանության մակարդակը դեպի լավը փոխել ժամանակակից մարքեթինգային գործիքների օգնությամբ, ապա այս դեպքում սոցիալական կայքը ոչ միայն չի խանգարում ընթերցանությանը, այլ նաև կարող է ի օգուտ կիրառվել այս գործին»,-ասաց նա։
Ակցիայի ընթացքում, ըստ Էմին Մկրտչյանի, ամենամեծ պահանջարկ է ունեցել գիտահանրամատչելի գրականությունը, թարգմանական գեղարվեստական գրականությունը, մանկական գրականությունը, նաև մեծ ուշադրություն կա ուսումնական գրականության նկատմամբ:
«Ակցիան չի ավարտվում ուղղակի գիրք նվիրելով, մի քանի օրից կհաղորդվի թե ինչպես նվերները կարելի է ստանալ, և ինչ միջոցառումներ են հաջորդում: Շատ ոգևորում է ֆեյսբուքյան ակտիվությունը, և նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվել»,- ասաց «Զանգակ»-ի գործադիր տնօրենը:
Ցանկանալով գրքի նկատմամբ մեծացնել հետաքրքրությունը և ընթերցանությունը դարձնել ժամանցի միջոց, այնուամենայնիվ, Էմին Մկրտչյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները մարդիկ են, ովքեր մշտապես զբաղվում են ընթերցանությամբ:
«Մարդ, ով տարիներով ոչ մի գիրք չի ընթերցել, լրացուցիչ գրքի կարիք չէր ունենա: Ամենակարևորը այն էր, որ գիրքը ` որպես պահանջված նվեր, ամրապնդվեց»,-ասաց Էմին Մկրտչյանը:










