Այս մեկ ամսվա ընթացքում հիմարությունների ծավալը նորմայից շատ էր. Ռուբեն Բաբայան
Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, թեև մեծ նշանակություն չի տալիս ընտրական գործընթացներին, սակայն նկատում է, որ կան հետաքրքիր և ուսուցողական երևույթներ: «Օրինակ, մենք իմացանք, որ վերևում Աստված կա, որի համար շատ ուրախ եմ, մենք մինչև հիմա դա չգիտեինք»,- հեգնեց նա և ավելի լուրջ արդեն նշեց, որ իր համար այս ամենը մի քիչ շատ է:
«Հիմարությունների ծավալը նորմայից շատ էր, ես այդքան չեմ կարող ընդունել մեկ ամսվա ընթացքում: Իմ ամենասիրած օրը քարոզարշավի վերջին օրն է՝ լռության օրը: Ինչքան շատ նման օրեր լինեն, այդքան լավ: Մտածելու օրեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նա նշեց, որ իրեն ավելի շատ հերաքրքրում են այն պրոցեսները, որ հասարակության մեջ կան, որոնք նա անվանեց վտանգավոր երևույթներ: «Ես լավատես եմ, բայց կարծում եմ, որ այդ խնդիրները միայն վերևից լուծվող չեն՝ կրթական, մշակութային համակարգ: Այստեղ այդքան էլ լավատես չեմ, կարծում եմ, որ սխալ տեղից են սկսում և մեր հույսները կապում, և դա գալիս է նրանից, որ քաղաքական ուժերը կարևորում են միայն նախագահական ընտրությունները: Բուրգը վերևից չի կառուցվում»,- նշեց նա:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ մենք միանշանակ արժանի ենք նրան, ինչ ունենք այսօր, նաև նրանք, ովքեր այլ թեկնածուի հետ էին հույս կապում, բայց չառաջադրեցին, նրանք էլ են արժանի: Ամեն դեպքում, նա օրինաչափություն տեսնում է նման կերպարների առաջ գալով: «Եթե հասարակության մոտ կա ծաղրածուի պահանջ՝ ունենում է, թամաշա է ուզում՝ ունենում է, փիլիսոփա.. ամեն ինչ ունենում է»,- ասաց նա:
Թատրոնի ղեկավարը նկատում է, որ հասարակության մոտ այսօր մեծացել է անհանդուրժողականությունը և տգիտությունը, որն ըստ նրա՝ գնալով թափ է առնում, մինչդեռ նույն թեկնածուները չեն արտահայտվում, որ մտահոգված են այդ խնդիրներով:
«Մենք պետք է որակ ունենանք, մտահոգված լինենք ժողովրդի որակով և ոչ թե ցանկություն հայտնող մասա դառնանք»,- նշեց նա:










