Լոնդոնում կներկայացվի կինոդերասանուհի Գրետա Գարբոյի զգեստապահարանը

18:28 • 15.02.13

Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) այսօր բացվում է նախորդ դարի ամենավառ կինոդերասանուհիներից մեկին՝ Գրետա Գարբոյին նվիրված ցուցահանդեսը, հայտնում է Корреспондент-ը։

 

«The Private World of Greta Garbo» ցուցադրությունը բաղկացած է մեծ զգեստապահարանից և Գարբոյի նյույորքյան տան իրերից։ Մեծ մասն աճուրդներում ձեռք բերված իրերը կազմակերպիչները ներկայացրել են դերասանուհու ժամանակակից երկրպագուների գործերի հետ միասին։

 

Համր ֆիլմերի ժամանակաշրջանում ճանաչում ձեռք բերած և հետագայում հնչունավորված ֆիլմերում իրեն դրսևորած դերասանուհին մեկուսացված և փակ անձնավորության համբավ ուներ։ Հակառակ իր էկրանային կերպարների՝ նա չէր հանդուրժում կողմնակի անձանց ներխուժումն իր անձնական կյանք, գրեթե չէր տալիս հարցազրույցներ և խուսափում էր հրապարակային միջոցառումներից։


«The Private World of Greta Garbo» ցուցահանդեսը լոնդոնյան Belmacz Gallery-ում կտևի մինչև մարտի 19-ը։