Հերովդես Մեծի գանձերի ցուցադրությունն իսրայելապաղեստինյան նոր լարվածության պատճառ է դարձել
Երուսաղեմի թանգարաններից մեկում բիբլիական արքա Հերովդես Մեծի 2000 տարվա վաղեմություն ունեցող գանձերի ցուցադրությունը, որին օրեր առաջ անդրադարձել էր Tert.am-ը, դարձել է Պաղեստինի և Իսրայելի միջև նոր լարվածության պատճառ, հայտնում է Al Arabiya-ն։
Ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ պաղեստինցիները բողոքել են՝ հայտարարելով, որ հրեաներն իրավունք չունեին պեղումներ իրականացնել շրջափակված տարածքներում և որ այդ աշխատանքների արդյունքում հայտնաբերված և ավելի ուշ ցուցադրության հանված նմուշներն իրենց են պատկանում։
Պաղեստինյան կողմը նշում է, որ նմուշներն առանց իրենց համաձայնության են վերցվել Արևմտյան ափից՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող բլրի գագաթին կառուցված Հերոդիում ամրոցից, որը ժամանակին պատկանել է Հերովդես Մեծին։
Պաղեստինի Զբոսաշրջության և հնությունների նախարար Ռուլա Մաայահը հայտարարել է, որ հրեաների հնագիտական աշխատանքներն ապօրինի բնույթ են կրում և խախտում են միջազգային օրենքը։ Սակայն Իսրայելը հրաժարվում է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները։










