Օսկար Ուայլդի ձեռագիրն աճուրդի կհանվի
Bonhams խոշորագույն աճուրդի տունը մայիսի 8-ին վաճառքի կհանի Օսկար Ուայլդի «Փուչիկներ» բանաստեղծության ձեռագիրը, գրում է buro247.ru-ն։
Այն գնահատվում է 25 հազար դոլար և աճուրդում կվաճառվի վաճառքի երկրորդ մասի ժամանակ, որտեղ կներկայացվեն այլ հեղինակների ձեռագրեր՝ Շարլոտա Բրոնտե, Թոմաս Էլիոտ, Թեդ Հյուզ և Սիլվիա Պլատ։
«Փուչիկներ» բանաստեղծության առաջին հրատարակությունը թվագրվում է 1887թ., սակայն հայտնի է, որ հեղինակը բանաստեղծությունը սկսել է գրել դեռևս 1883թ. Փարիզում, որտեղ ապրել է 5 ամիս։ Ստեղծագործությունում Ուայլդը նկարագրում է երեխաներից իր տպավորությունները, ովքեր Տյուիլրի այգում փուչիկներ են բաց թողնում։
Հատկանշական է, որ ձեռագրում բանաստեղծության վերնագիրը նշված չէ, բանաստեղծն այն ավելի ուշ է հորինել։










