Հայկ Դեմոյանի գրքի վաճառքից ստացված շահույթը կտրամադրվի սիրիահայերին
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի այսօր կայացած շնորհանդես–վաճառքին հեղինակը ներկաներին տեղեկացրեց, որ գրքի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի սիրիահայերին, 1200 միավոր էլ կտրամադրվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրադարաններին։
Հեղինակն իր խոսքն սկսեց խոստովանությունից, թե ինչու հենց ինքը սկսեց այս գիրքը հեղինակել։ «Գրքում առկա է նաև Ցեղասպանության թեման, և դա ինձ շատ հոգեհարազատ է։ Երբ միշտ խոսում ենք մահվան, ցավի մասին, պետք է հիշենք կյանքի շարունակությունը, այս պատկերները գալիս են քեզ ցույց տալու, որ ազգը շարունակական է»,–ասաց նա։
Նշենք, որ գրքում ներկայացվում են տարաբնույթ աղբյուրներից վերցված՝ հայկական մատենագրություն, ճարտարապետություն, պատկերաքանդակներ, լուսանկարներ և հայկական զինանշանները, դրոշները, պետական ու ազգային խորհրդանշանները: Առանձին ներկայացված են ՀՀ պետական խորհրդանշաններն ու պարգևները: Գիրքը ներառում է նաև մինչ օրս անհայտ կամ քիչ հասանելի նյութեր և փաստեր:
Շնորհանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհավորելով հեղինակին, նշեց, որ մտահղացումը Հայկ Դեմոյանի մոտ կար երկար ժամանակ։
«Շատ հետաքրքիր բովանդակությամբ գիրք է ...Մենք եկել ենք մեր ազգային խորհրդանիշերի շարանով, և այս հանրագիտարանն ամբողջությամբ մեր հայ ժողովրդի խտացված պատմությունն է ներկայացնում»,– ասաց նա՝ հավելելով, որ սա հանրագիտարան է նաև մեր մեծերի։
Նախարարն ասաց, որ հաշվի առնելով պատմական բոլոր հանգամանքները, իր համար շատ կարևոր է Հայաստանի Առաջին Հանրապետության մասին հատվածը։
Գիրքը հրատարակվել է «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով,ինչի առթիվ հիմնադրամի համանախագահ Գաբրիել Ջեբեջյանը շնորհանդեսի ժամանակ իր ուրախությունը հայտնեց և հպարտությամբ նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է վերապահվել՝ այս գիրքը տպելու հնարավորությամբ։










