Հայաստանի եվրատեսիլյան երգի համար առաջարկներ կան նաև արտասահմանից. Գոռ Սուջյան

21:57 • 16.02.13

«Եվրատեսիլ 2013-ի» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն ներկայացված 50-ից ավել երգերի շարքում կան նաև արտասահմանից ուղարկված երգեր,որոնցից հանրության քվեարկության արդյունքում ընտրվի այն երգը, որով էլ երգիչը հանդես կգա «Եվրատեսիլ 2013-ի» երգի մրցույթում:


Նրա խոսքով՝ երգերի հարցում տվյալ պահին ավելի շատ քանակն է գերակշռում, քան որակը:


«Մենք ունենք գրված երգ, որը կներկայացվի մրցույթի ժամանակ: Ծանոթ եմ ներկայացված երգերին, շատ տարբեր ժանրերի երգեր են ուղարկել, օրինակ՝ արտասահմանից ավելի շատ «փոփ» ժանրի երգեր են ուղարկել»,- ասաց նա՝ հավելելով, որ երգեր են ուղարկվել Իսպանիայից, Շվեդիայից և այլ երկրներից:


Գոռ Սուջյանը նաև նշեց, որ արդեն աշխատանքային հագեցած գրաֆիկով է պատրաստվում և հումորով նկատեց, որ հասցնում է միայն շնչել:


Երգիչն այսօրվա դրությամբ մրցույթից ակնկալիքներ դեռ չունի: «Ես ակնկալողի դերում աշխատում եմ չլինել, ես անում եմ գործ, որի մեջ շատ խրված եմ և չեմ հասցնում ակնկալիքների մասին մտածել, աշխատում եմ թիմի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ ունի նաև այլ աջակիցներ:


Հարցին, թե մինչ այժմ ինչպես է հանրությունը վերաբերվում իր մասնակցությանը, Գոռ Սուջյանը պատասխանեց, որ կարծիքները տարբեր են, բայց ինքն ավելի շատ դրական արձագանքներ է լսել: Երգիչը նկատեց, որ այդ առումով արտառոց դեպքեր չեն նկատվել, բայց շատ լավ աշխատանքային գործընթաց է անցկացվել և անցկացվում: