Տիգրան Քեոսայանի խոհերը կինեմատոգրաֆիայի շուրջ. «Ռուս պիոներ»
Հայ հայտնի կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսայանը (ծնվել է 1966թ. Ռուսաստանում) «Ռուս պիոներ» գրական ամսագրում հրապարակել է հետաքրքիր մի հոդված, որում իր մտորումներն է ներկայացնում ժամանակակից կինեմատոգրաֆիայի, դրա զարգացումների վերաբերյալ:
Հրապարկումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Բոլորովին վերջերս ես ներկա էի հերթական կատակերգության շնորհանդեսին: Ինձ մոտ, հոգեհարազատ մարդիկ պրոդյուսերական ֆիլմ էին ստեղծել: Այն, լավ առումով, շատ էր տարբերվում նույն ժանրի մյուս ֆիլմերից. լավ երկխոսություն, շատ լավ հումոր, դերասանական խաղ, մոնտաժ...: Մի խոսքով` ես ծիծաղեցի ու ուրախացա ընկերներիս համար:
Բքախառն, խցանումներով լի Մոսկվայի փողոցներով տուն էի գնում, երբ հանկարծակի ինձ բռնացրի այն մտքի վրա, որ տխուր եմ, ինձ պատել է ծանր և ինչ-որ ծակող տխրություն: Ընդ որում` այդ ժամանակ մտածում էի քիչ առաջ տեսած ֆիլմի մասին. ուրախ ֆիլմի մասին և հիշեցնեմ` իր տեսակի մեջ բավականին կարգին ֆիլմի մասին:
…Մտատածում էի կինոյի մասին: Ընդհանրապես, վերջին տարիներին յուրաքանչյուր շնորհանդես, որին այցելում եմ, ինձ ստիպում է մտածել կինոյի և իմ դերի մասին` այդ կինոյում: Եվ սառը հանգստությամբ ես հանկարծ հասկացա, որ այլևս չեմ ցանկանում ֆիլմ նկարահանել…:
Ես ծնվել եմ ռեժիսորի և դերասանուհու ընտանիքում, և հորս տարեդարձներից մեկի ժամանակ ինչպես արդարացիորեն նկատեց Արմեն Նիկոլաևիչ Մեդվեդևը, Քեոսայանների ընտանիքի համար ամենակարևոր արվեստը կինոն է: Ես մեծացել եմ կինոյում: Նկարահանման հրապարակներից, մոնտաժներից, ծնողներիս և նրանց ընկերների խոսակցություններից իմ մեջ օրեցօր ամրապնդվում էր միտքը, որ ես երբևիցե դառնալու եմ այդ կինոյի միկրոսկոպիկ մասը: Ծնողներս ինձ փորձում էին համոզել, որ հրաժարվեմ կինոբուհ ընդունվելու մտքից. ես, սակայն, համառ էի: Ինձ նույնիսկ հետ չպահեց այն, որ ես Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատմության մեջ մտա որպես առաջին կինեմատոգրաֆի տղա, որն առաջին անգամից այդ ինստիտուտը չընդունվեց: Հաջորդ տարի ես դարձա ուսանող:
Խցանումը չէր էլ պատարաստվում թեթևանալ: Երթուղային տաքսու վարորդը երկար ազդանշանեց` իր դժգոհ վերաբերմունքն արտահայտելով խցանման առնչությամբ: Նրա ձեռքերը` ավտոմեքենայի ղեկին էին, իսկ շուրթերը շարժվում էին. ակնհայտորեն նա հատված էր մեջբերում Հռոմի Սենատում կայսր Կլավդիոսի խոսքից: Դա նման է համր ֆիլմի. պակասում էր միայն երաժշտությունն ու սև ֆոնին` սպիտակ մակագրերը:
Օսկարակիր «Արտիստը» ֆիլմը դիտելուց օրեր անց ես ներկա եղա հայրենական արտադրության մի ֆիլմի շնորհանդեսի, իհարկե` հերթական կատակերգության: Եվ առաջին անգամ ես դահլիճը լքեցի ֆիլմի 8-րդ րոպեին: Եվ պատճառն այն չէ, որ ես երբեք չեմ մասնակցել վատ ֆիլմերի շնորհանդեսի, պարզապես ես նման ցուցադրական բաներ չեմ սիրում` կամ մի գնա, կամ եթե գնացել ես, մնա մինչև վերջ:
Մի քանի շաբաթ անց մամուլում ես կարդացի, որ այդ ֆիլմից բավականին մեծ հասույթ է ստացվել: Զարմացա և սկսեցի նայել այլ` իմ կարծիքով դեռ «չծանված» մահացած ֆիլմերի թվերը. գրեթե ամենուր ոգեշնչող դրամարկղ էր:
Եվ ես հիշեցի, որ իմ մանկության տարիներին մեծն Գայդային որոշ քննադատներ համարում էին գռեհկության չափանիշ: Պարզապես որովհետև նրա ֆիլմերը սիրում էր հանդիսատեսը: Ի դեպ, նման արշինով են կինոն այսօր չափում նաև կինոգրաքննության համար աշխատավարձ ստացողները: Իրոք լավ ֆիլմը հանդիսատես լայն շրջանները չեն կարող և և չպետք է հասկանան: Դա ռեժիսորի ճակատագիրն է. բայց եթե նույնիսկ այդ տեսական անհեթեթությունն աքսիոմա ընդունենք, ապա ես կհամարձակվեմ պնդել, որ Գայդայի կարճամետրաժ «Բարբոս շունն ու անսովոր մրցավազքը» ֆիլմի յուրաքանչյուր դրվագն արժե վերջին տարիներին նկարհանված բոլոր կատակերգությունների 90 տոկոսին:
Եթե նախկինում մեքնենաները մետր առ մետր առաջ էին ընթանում, ապա վերջին մոտ 20 րոպեում շարժ չկար: Հանկարծ երթուղայինի վարորդը վառեց ծխախոտը և սառնամանիքին դրսում սկսեց ծխել: «Ի՞նչ է Պուտինին են սպասում»-հանկարծ մտքովս անցավ:
Ճիշտ չէր Իոսիֆ Վիսարիոնովիչը. անփոխարինելի մարդիկ կան: Ամառային մի երեկո ես երկրի գլխավոր կինոփառատոնի փակումից հետո իսկական մի դասականի հետ «տոնում էի» տարբեր անվանակարգերում մեր ֆիլմերի նվաճած մրցանակները: Տարբեր մարդիկ, անկեղծ և ոչ այնքան շնորհավորում էին մեզ հաղթանակի կապակցությամբ: Հետո, հավանաբար, ալկոհոլի ազդեցության տակ, ես հարցրի դասականին: «Իսկ մեր` հաղթանակ տարած ֆիլմերը, ասենք, 1972թ-ին, ո՞ր փառատոնում կարող էին հայտնվել»:
- Ոչ մի:
Նա գիտեր` ինչ է ասում, քանի որ 1972թ-ին, երբ ես 6 տարեկան էի, իսկ նա դեռ դասական չէր, այլ երիտասարդ մի ռեժիսոր, միաժամանակ ֆիլմեր էին նկարահանում Դանելիան, Ռյազանովը, Տարկովսկին, Մոտիլը, Բոնդարչուկը, Տալանկինը.... ցանկը կարելի է շարունակել` ոչ անվերջ, բայց երկար: Վերոնշյալ բոլոր ռեժիսորներն ու շատ ուրիշներ միայն մեր «հայրենական» ուրախությունը չեն: Նրանք մարդիկ են, որոնց ֆիլմերն ուսուցանվում են աշխարհի բոլոր կինոակադեմիաներում, նրանք, ներեցեք շաբլոն բառի համար, համաշխարհայի կինոյի ոսկե ֆոնդն են:
Մեր կինոիրականության մեջ, սական, տեղ չունեն իմ նշած ռեժիսորները: Մեծ սխալ է կարծել, թե այժմ նման տաղանդներ չկան: Կան, միայն թե նրանք դառնում են իրավաբան կամ հաշվապահ: Քանի որ պահանջն է տաղանդ ծնում: Իսկ երբ պահանջը սահմանափակվում է մարդկանց կինոթատրոններ «քշելով» (երկու ուիքենդով) ապա տաղանդներ պետք չեն այստեղ, այստեղ բավական է նաև լավ «փիառը»:
Չէ, դա Պուտինը չէր, ճանապարհատրանսպորտային պատահար էր: Ես խցանումից դուրս եկա, մեքենաս ընթացավ մայրուղով` հետևում թողնելով երթուղայինի վարորդին, լիմուզինը և իմ ընկերների շնորհանդեսը: Տրամադրությունս բարձրացավ, նույնքան հանկարծակի, որքան որ ընկել էր ժամուկես առաջ:
Չէ, ես դեռ ֆիլմ կնկարահանեմ: Ինձ և ինձ հարազատ մարդկանց համար: Եվ ընդհանրապես, Մոսկվայի երեկոյան խցանումների ժամանակ ինչ հիմարություն ասես, որ չի անցնում մարդու մտքով: Բոլոր փորձանքների պատճառը հենց դրանք են…»:










