Տնային կալանքի տակ գտնվող իրանցի ռեժիսորն արժանացել է «Արծաթե արջի». հայտնի են դարձել Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիրները
Հայտնի են դարձել Բեռլինի 63-րդ կինոփառատոնի մրցանակակիրները, հայտնում է Lenta.ru-ն:
«Ոսկե արջին» է արժանացել ռումինացի ռեժիսոր Կալին Պիտեր Նացերի «Երեխայի դիրքը» ժապավենը՝ մոր և ազատազրկման սպառնալիքի տակ գտնվող երեխայի փոխհարաբերության մասին, որում քննադատվում են մի շարք հասարակական կառույցներ:
Իսկ լավագույն ռեժիսոր է ճանաչվել ամերիկացի Դեյվիդ Գորդոն Գրինը՝ «Ձնահոսքերի տիրակալը» ֆիլմի համար:
Լավագույն սցենարի համար «Արծաթե արջի» է արժանացել իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, որին, ի դեպ, հայրենիքում արգելված է ֆիլմեր նկարել և որը տնային կալանքի տակ է գտնվում:
Լավագույն դերասան է ճանաչվել Նազիֆ Մուժիչը, որը հանդես է եկել բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի կիսավավերագրական «Երկաթ հավաքողի կյանքից մի դրվագ» ֆիլմում: Այս ֆիլմը ժյուրիի գրան պրիին է արժանացել:
Բեռլինի կինոփառատոնը մեկնարկել էր փետրվարի 7-ին՝ հոնգկոնգցի կինովարպետ Վոնգ Կար-Վայի «Մեծ վարպետը» ֆիլմի արտամրցութային ցուցադրումով: Ժյուրին նախագահում էր հենց ինքը՝ Կար-Վայը:










