Թումանյանի ծննդյան օրը համանուն տուն-թանգարանը գրքեր կհավաքի՝ սահմանամերձ գյուղերին գրադարաններին նվիրելու համար
Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում պատրաստվում են հայ մեծ գրողի ծննդյան 144 ամյակին: Նա ծնվել է 1869թ-ի փետրվարի 19-ին: Tert.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ ինչպես սովորաբար, այնպես էլ այս տարի, գրքեր են հավաքելու սահմանամերձ գյուղերի գրադարաններին նվիրելու համար:
«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նաև հռչակված է՝ որպես գիրք նվիրելու օր: Սահմանամերձ գյուղերի գրադարաններին գիրք նվիրելը թանգարանը նաև իր ռեսուրսով է անում, բայց դրանց քանակը այս անգամ կախված կլինի նաև նրանից, թե որքան գիրք թանգարան կբերեն ուրիշները՝ օգնելու նպատակով»,- ասաց նա:
Նարինե Թուխիկյանը ընդգծեց, որ, այնուամենայնիվ, օրվա հիմնական շեշտը Հովհաննես Թումանյանի ծնունդն է, բայց քանի որ նրա անունն ու էությունը ընդհանրապես գրքի հետ է կապվում, կլինի նաև գրքի շնորհանդես: «Ռուսերենով հրատարակել ենք նրա մտքերը՝ նրա հոդվածներից, նամակներից ու ելույթներից: Իսկ տարվա ընթացքում հրատարակելու ենք նաև նրա թարգմանած Գրին Եղբայրների «Հենզելն ու գրետելը» և «Կարմիրիկը» հեքիաթները՝ շքեղ հրատարակությամբ: Այն եռալեզու է լինելու՝ հայերենից բացի, գերմաներեն ու ռուսերեն, քանի որ հենց այս լեզուներից է օգտվել Թումանյանը հեքիաթները թարգմանելիս»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այս տարի նշվում է Գրին եղբայրներին թումանյանական թարգմանության 100-ամյակը: Նշենք, որ գրքում տեղ կգտնեն նաև հեքիաթների սիմվոլների մեկնություններ՝ վհուկը ինչ նշանակությունը ունի հեքիաթում ու դրա հոգեբանական կողմը և այլն:
Նարինե Թուխիկյանը վստահեցրեց, որ մեծ գրողի ծննդյան օրը թանգանում ամբողջ օրը աժոտաժ է լինելու և դառնալու է ուրախ թանգարան: «Առավոտ 11-ից մինչև 5-ը թանգարանը ուրախ կլինի յուրաքանչյուրի այցի առիթով: Ովքեր ակտիվ կլինեն, դատարկաձեռն չեն հեռանա»,-ասաց նա:










