Ադրբեջանցի քաղաքագետն Այլիսլիի դեմ ճնշումներից հետո չի հրաժարվել հայկական ֆիլմերի փառատոն անցկացնելու մտադրությունից
Դեռևս 2012թ.-ի ամռանն ադրբեջանցի քաղաքագետ, վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպել։
Ադրբեջանական vesti.az-ը փորձել է Զարդուշտ Ալիզադեից ճշտել ուշացման պատճառը և պարզաբանել՝ արդյոք գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազների» պատճառո՞վ է հրաժարվել փառատոն անցկացնելու մտադրությունից։ Հիշեցնենք, որ այս ստեղծագործությունում նա նկարագրել է Ադրբեջանում հայերի ջարդերը։
Սկզբում քաղաքագետը հայտարարել էր, թե փառատոնը կկայանա աշնանը, ապա՝ դեկտեմբերին, իսկ վերջում՝ 2013թ.-ի հունվարին։
Սակայն հունվարին աղմուկ բարձրացրեց Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը, իսկ հայկական ֆիլմերի փառատոնից դեռևս լուր չկա։
«Ցանկանում եմ ասել, որ Աքրամ Այլիսլիի ստեղծագործության շուրջ բարձրացված սկանդալը որևէ ազդեցություն չի ունեցել Բաքվում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնելու իմ որոշման վրա։ Ես համոզված եմ. որ մարդն իրավունք ունի արտահայտել իր տեսակետը»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը։
Նա նշել է, որ ինքը չի հրաժարվել հայկական ֆիլմերի փառատոն անցկացնելու մտադրությունից, պարզապես վերջին ամիսների ընթացքում նա այլ նախագծերով էր զբաղված։










