Ջոն Լենոնի մարդասպանի նամակներն աճուրդի են հանվել 75 հազար դոլարով

10:52 • 19.02.13

Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեփմենի նամակները՝ գրված նյույորքցի ոստիկան Սթիվեն Սպիրոյին, ով ձերբակալել էր նրան հանցագործությունից հետո 1980թ. դեկտեմբերի 8-ին, աճուրդի են հանվել 75 հազար դոլարով, հայտնում է BBC-ն։

 

Այն կազմակերպել է ամերիկյան Moments In Time աճուրդի տունը, որը կենտրոնացած է պատմական փաստաթղթերի վաճառքի վրա։

 

Բոլոր նամակները գրվել են 1983թ. մի քանի ամիսների ընթացքում՝ ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո։


Նամակներից մեկում դատապարտյալը խնդրում է ոստիկանին օգնել իրեն գտնել Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում անդունդի եզրին» գիրքը, որը նա կարդում էր ձերբակալման պահին, և հայտնում է, որ գրքի վրա գրել է՝ «Սա իմ մանիֆեստն է»։


Ինչպես խոստովանել է ոստիկանը, նա որոշել է վաճառել Չեփմենի նամակները՝ բժշկական հաշիվները վճարելու համար։