Իտալացի երաժշտագետը մեղադրում է Մոցարտին գրագողության համար
Իտալացի կիթառահար, երգահան և երաժշտության պատմության մասնագետ Էնցո Ամատոն վստահ է, որ ավստրիացիները դավադրություն են կազմակերպել նեապոլիտանական երաժշտական «դպրոցը» ստորակարգելու համար։ Արդարության համար մղվող պայքարում Ամատոն գլխավոր «թիրախ» է ընտրել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին՝ ծնունդով Զալցբուրգից դասական երաժշտության հանճարին։
Իտալիայում մեծ ճանաչում ունեցող Ամատոն ցանկանում է նեապոլիտանական երաժշտական «դպրոցին» վերադարձնել երբեմնի փառքը, որը դարերի ընթացքում խամրել է ՝ ճնշվելով ավստրիական երաժշտական ոլորտի կողմից։
Իր հեղինակած գրքում իտալացին պնդում է, որ Մոցարտին վերագրվող մի քանի սիմֆոնիաներ ոչ այլ ինչ են, քան սովորական գրագողություն և վերցվել են իտալացի երգահանների ստեղծագործություններից։
Օրինակ՝ նեապոլիտանական San Pietro a Majella կոնսերվատորիայի արխիվներում Ամատոն հայտնաբերել է Պասկուալե Անֆոսիի «Վենետիկ» չհրապարակված սիմֆոնիայի ձեռագիրը, որն արվել է 1776թ.։ Ստեղծագործության մեջտեղի հատվածի երաժշտությունը կասկածելիորեն շատ նման է 1791թ. գրված Մոցարտի «Ռեքվիեմ»-ի Confutatis maledictis-ում տենորի մասին։
Բացի գրագողության մեղադրանքից, Ամատոն ներկայացրել է Մոցարտի մահվան իր տարբերակը, ըստ որի՝ հանճարը մահացել է իր աշակերտուհիներից մեկի ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով, քանի որ աշակերտուհին հղի է եղել Մոցարտից։
Ամատոն պնդում է, որ ավստրիական երաժշտական «դպրոցի» հետևորդները հորինել են Անտոնիո Սալյերիի կողմից Մոցարտին թունավորելու պատմությունը՝ իտալացի կոմպոզիտորի անունը սևացնելու և Մոցարտի պատիվը փրկելու համար։
Բացի Մոցարտից, Ամատոն գրագողության համար մեղադրել է նաև Յոհան Սեբաստիան Բախին, ով իբր թե իր ստորագրությունն է դրել իտալացի Պերգոլեզիի ստեղծած երաժշտության տակ։










