Հայաստանում ուզում են գիրք նվեր ստանալ, սակայն 50% զեղչով գնել, չեն ուզում. հրատարակիչ

18:55 • 19.02.13

«Զանգակ» հրատարակչության կողմից Հայաստանում գրքի ոլորտում առաջին անգամ անցկացվող ակցիայի հաղթողները, ովքեր ստացել են ֆեյսբուքյան օգտատերերի մեծ, բայց ոչ առավելագույն թվով like-եր, մրցանակ սահմանված գրքերը պետք է ստանային ոչ թե անվճար, այլ 30-40- 50% զեղչով, սակայն չեն ցանկացել դրանք կես կամ գրեթե կես գնով գնել:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով մեծ սիրով արձագանքել է ոլորտում իր մրցակից «Զանգակ» հրատարակչության կողմից անցկացվող ակցիային: Այն, հիշեցնենք, նախորդել էր փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու միջազգային օրվան:


«Սա նույնպես վերաբերմունք է: Այսինքն՝ եթե մարդը տենչում է ունենալ այդ գիրքը, կօգտվեր զեղչից: Եթե չի օգտվում, նշանակում է մենակ ձրիի մասին է խոսքը»,- ասաց գրահրատարակիչը:


Նրա խոսքով՝ հայաստանցի պաշտոնյաները ակնհայտորեն ստում են, երբ ասում են, որ ընթերցանությունը ոչ միայն Հայաստանում է պակասել, այլև ողջ աշխարհում, որովհետև եթե մեզ մոտ Խորհրդային Միության հետ համեմատած ընթերցանությունը պակասել է 20 000 տոկոսով, ապա աշխարհում ընդամենը կես տոկոս անկում է նկատվում:


«Եթե նայում ենք տպաքանակներով, ապա 50 000 վերածվել է 500-ի, իսկ էսօր 250 է ռեալ վաճառվող տպաքանակը, եթե լավ գիրք ունես: Ինձ միշտ հարցնում են՝ որտեղի՞ց հորինեցիք, ընդամենը վերցրեցի 50 000-ը բաժանեցի 250-ի ու ստացա էդ թիվը՝ 200 անգամ պակասել է: Իսկ դա կազմում է 20 000 տոկոս»,- հաշվեց Արմեն Մարտիրոսյանը:


Վերջինս, ամփոփելով ոլորտում տարվող հրատարակիչների, գրողների, գրքի գործակալների չորս-հինգ տարվա աշխատանքը և պետության աջակցությունը, արձանագրեց, որ այսօր Հայաստանում գոնե գրախանութ գոյություն ունի: Բայց ոչ որպես շենք, այլ պարունակություն:


«Սրանից երեք-հինգ տարի առաջ, մտնեիք գրախանութ, ամենալավ գրախանութում անգամ կտեսնեիք, որ 80 տոկոսից ավելը ռուսական գրականություն է, և շատ խեղճ վիճակում են Հայաստանում հրատարակվող գրքերը: Եվ մասնագետ էլ չկար, որը կհրամցներ այդ գրքերը, բայց շնորհիվ այս աշխատանքի այսօր մենք հայերենով մեծ գրականություն ունենք »,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Դա, ըստ նրա, թե՛թարգմանական և թե՛ Հայաստանում ստեղծված գրականությունն է։ Ըստ նրա մանկական ու պատանեկան գրականությունը շատ լավն է, իսկ թարգմանականը դեռ թերի է: Բայց միայն այն, որ այս տարվա ընթացքում 4000 անուն գիրք է հրատարակվել՝ ինքնին խոսուն փաստ է:


«Եվ լուրջ մարտահրավեր է անգրագիտությունը վերացնելու, հայերենով լավ գրականություն ունենալու համար։ Եվ ամենևին կապ չունի գիրքը թղթե՞ է, թե էլեկտրոնային»,- նշեց հրատարակիչը:


Նա այսօր որպես հայր երջանիկ է, որ դուստրը, ով հորը տեսել է միայն գիրքը ձեռքին, երբեք չի լսել իր հորդորները՝ գիրք կարդալ։ Մեկ ամիս առաջ նրանից վերցնելով էլեկտրոնային գրքեր կարդալու սարքը (էլեկտրոնային եղանակով կարդացել է Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը», ապա՝ «Վարպետն ու Մարգարիտան») Արմեն Մարտիրոսյանը նրան տեսել է թղթե գիրքը ձեռքին:


«Ես աշխարհի ամենաերջանիկ հայրն եմ, բայց, տեսե՛ք, էդ 17 տարվա աշխատանքը ոչինչ չտվեց… այնպես որ ասում են՝ ինտերնետը խանգարում է, սուտ է, ինտերնետն օգնում է, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներն օգնում են»,- ասաց նա: