Բրյուս Լիի մասին նոր ֆիլմ կնկարահանվի

23:48 • 20.02.13

Ամերիկյան Groundswell Productions և QED International կինոընկերությունները գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն Բրյուս Լիի երիտասարդ տարիների մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:


Ֆիլմը կստանա «Վիշապի ծնունդը» (Birth of the Dragon) անվանումը, սակայն հնարավոր ցուցադրության ժամկետները հայտնի չեն:


Ֆիլմի հիմքում կլինի  Բրյուս Լիի և մարտական մարզաձևերի վարպետ Վոնգ Ջեք Մանի միջև կայացած մենամարտը, որը տեղի էր ունեցել 1960-ականներին՝ Սան-Ֆրանցիսկոյում: Մենամարտի պատճառ էր հանդիսացել այն, որ Լին ցանկանում էր մարտարվեստներ սովորեցնել բոլորին, որին դեմ էր Վոնգը: Մարտը ընթանում էր առանց օրենքների և դատավորների: Պաշտոնապես համարվում է, որ մարտը հաղթել է Լին, սակայն նրա հակառակորդը հակառակն է պնդում:


Ֆիլմի հեղինակները այս իրադարձությունը ցանկանում են օգտագործել, որպես մեկնարկային կետ, որպեսզի ստեղծեն մի մարտաֆիլմ, որտեղ գլխավոր հերոսը կլինի Լին: Ըստ պրոդյուսերների, Լին և Վոնգը միավորվում են և սկսում են պայքարել Սան-Ֆրանցիսկոյի չինական թաղամասը վերահսկող հանցագործ խմբավորումների դեմ: Ֆիլմում ցանկանում են ցույց տալ հասարակ մարդուց միջազգային մասշտաբի աստղ դառնալու գործընթացը:


Ֆիլմի սցենարը գրում են Քրիստոֆեր Ուիլկինսոնը և Սթիվեն Ռիվելը, որոնք բազմիցս աշխատել են կենսագրական ֆիլմերի վրա:


Բրյուս Լին դերեր է խաղացել մի քանի տասնյակ ֆիլմերում: Հայտնի դերասանը 32 տարեկան հասակում մահացել է Հոնկոնգում (1973թ.):