Հայտնի են դարձել Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող դերասաններն ու ռեժիսորները

12:07 • 20.02.13

Ֆրանսիական Le Figaro պարբերականն ընթերցողներին է ներկայացրել երկրի ամենաբարձր վարձատրվող դերասանների և ռեժիսորների ամենամյա վարկանիշային աղյուսակը, հայտնում է Euromag-ը։

 

Վարկանիշային աղյուսակի «ոսկին» բաժին է հասել Դենի Բունին, ում եկամուտը 2012-ին կազմել է 3,6 մլն եվրո։ «Արծաթի» է արժանացել հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյոն, ով իր դերասանական կարիերայի 40 տարիների ընթացքում եկամտահարկի տեսքով պետությանն է վճարել 145 մլն եվրո։ Իսկ 2012թ. ընթացքում Դեպարդյոն վաստակել է 2,3 մլն եվրո։ 3-րդ հորիզոնականում է Կատրին Ֆրոտը՝ 2,235 մլն եվրո եկամտով։

 

Ցուցակի առաջատարներին հետևում են Գադ Էլմալեհը (2,1 մլն եվրո), Ալեն Շաբատը (2 մլն եվրո) և Պատրիկ Բրյուելը (1,8 մլն եվրո)։ 7-րդ հորիզոնականը՝ 1,7 մլն եվրո եկամտով, զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 2-րդ կին ներկայացուցիչը՝ Մարիոն Կոտիյարը։

Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող դերասանների ու ռեժիսորների լավագույն տասնյակը եզրափակում են Ժոզե Գարսիան, Ժամել Դեբուզն ու Մաթիլդա Սեյնեն։