Լեոնարդո Դի Կապրիոն կոչ է արել Թաիլանդին արգելել փղոսկրի վաճառքը

11:11 • 20.02.13

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ ցանկանում է մի փոքր հանգստանալ կինոյից և զբաղվել բնապահպանական խնդիրներով, հայտնում է filmpro.ru-ն։

 

Դերասանին հուզում է փղերի պոպուլյացիայի նվազումը, ինչը կապված է փղոսկրի անօրինական շրջանառության հետ։ Այդ առումով ամենաշատ «խնդիրներ» ունեցող երկրներից է Թաիլանդը։ Օրերս Դի Կապրիոն խնդրագիր է ուղարկել այդ երկրի վարչապետի անունով՝ պահանջելով վերջնականապես արգելել ժանիքների վաճառքը։

 

Թաիլանդական օրենքներն արգելում են փղոսկրի ներմուծումը։ Սակայն երկրի տարածքում ժանիքների վաճառքը թույլատրելի է, և դրանից ակտիվորեն օգտվում են մաքսանենգները. յուրաքանչյուր տարի Աֆրիկայից անօրինական ճանապարհով Թաիլանդ է ներմուծվում մեծ քանակությամբ ապրանք։

 

Լեոնարդո Դի Կապրիոյի և World Wildlife Fund կազմակերպության նոր էկոլոգիական արշավը կրում է «Մի կողմ տարեք ձեր ձեռքերն իմ մարմնից» անվանումը։ Այն կոչված է պաշտպանել վայրի կենդանիներին, որոնց սպանում են կաշվի, ժանիքների, ոսկորների և մարմնի այլ մասերի վաճառքի համար։