«Գրքի բանկ» ակցիան` գյուղական գրադարանների համալրման նպատակով. ծրագրի ղեկավար
Համայնքային և սահմանամերձ գյուղերի գրադարաններին գրքեր նվիրաբերելու նպատակով փետրվարի 19-23-ը անցկացվում է «Գրքի բանկ» ակցիան, որի շրջանակներում մարդիկ գիրք նվիրաբերելով` կկարողանան մտնել այն թանգարանը, որը ցանկանում են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գրքի բանկ» ծրագրի ղեկավար Էդուարդ Լևանյանը՝ հայտնելով, որ այսօրվա դրությամբ արդեն 4 հազարից ավելի գրքեր են նվիրաբերվել, որոնք փոխանցվելու են Շիրակի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերի գրադարաններին:
«Հիմնականում գեղարվեստական գրքեր են ու կան նաև գիտահանրամատչելի գրքեր` հանրագիտարաններ կամ նմանատիպ այլ գրքեր»,- ասաց Էդուարդ Լևանյանը:
Ակցիային միացել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Երևանի պատմության թանգարանը, մի շարք տուն-թանգարաններ և այլն:
«Թանգարանների թիվը ծրագրի սկզբում 20-ն էր, բայց այսօր այդ թիվը պակասել է, քանի որ ոմանք մասնակցում էին փետրվարի 19-21-ը, կան թանգարաններ, որ միացել են 20-ից կամ 21-ից»,- ասաց Էդուարդ Լևանյանը:
Այս ծրագիրը նախորդ տարի իրականացված «Մուտքը՝ գրքով» ծրագրի շարունակությունն է: Նախորդ տարի, ըստ էդուարդ Լևանյանի, միջոցառումների արդյունքում հավաքվել է շուրջ 13 հազար գիրք ու 10 հազար գիրք նվիրաբերվել է մշակույթի նախարարության կողմից:
«Թանգարանների ակտիվությունն այս տարի ավելի է շատացել, բայց կան թանգարաններ, որոնք պասիվ են, կան թանգարաններ, որոնք գերակտիվ են: Այս տարվա ակտիվությունը կոնկրետ թանգարանների մասով ավելացել է»,- ասաց Էդուարդ Լևանյանը:
«Գրքի բանկ» գաղափարը, ըստ ծրագրի ղեկավարի, շարունակական է լինելու և տարվա կտրվածքով, ժամանակ առ ժամանակ, միջոցառումներ են կազմակերպելու և գրքերը փոխանցվելու են համապատասխան մշակութային կառույցների:
«Այս տարվա ծրագրի նորություններից այն է, որ գիրք նվիրողները իմանալու են, թե ուր է գնացել իրենց նվիրած գիրքը, ինչի համար մեր հասարակությանը հորդորում ենք, որ իրենց նվիրած գրքերում գրեն անուն-ազգանուն»,- ասաց Էդուարդ Լևանյանը:
«Գրքի բանկ» ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ-ն՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
:










