Իրանին զայրացրել է «Բեռլինալե»-ում Ջաֆար Փանահիի պարգևատրումը

11:22 • 21.02.13

Իրանի իշխանությունները փորձում են բողոքարկել Բեռլինյան կինոփառատոնում իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի պարգևատրումը, հայտնում է filmpro.ru-ն։ Նախորդ շաբաթ ռեժիսորի նոր՝ «Փակ վարագույր» ֆիլմն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի՝ լավագույն սցենարի համար։ 

 

«Մենք կարծում ենք, որ Բեռլինյան կինոփառատոնի կազմակերպիչները պետք է շտկեն իրենց վարքագիծը։ Բոլորին հայտնի է, որ ֆիլմի նկարահանումների և այն արտերկիր տանելու համար թույլտվություն է պահանջվում։ Այդ ֆիլմն անօրինական է նկարահանվել, սակայն մինչ այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը համբերություն էր դրսևորում անօրինական գործողությունների հանդեպ»,- ասել է Իրանի մշակույթի փոխնախարար Ջավադ Շամաքդարին։

 

«Փակ վարագույր»-ը ֆիլմ-մտորում է ռեժիսորի համար արդիական թեմայի շուրջ՝ ստեղծագործական ազատության սահմանափակման։ Սա ռեժիսորի առաջին «անօրինական» աշխատանքը չէ, որը հայտնվում է հեղինակավոր միջազգային փառատոնի ծրագրում։


Փանահին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության համար և զրկվել ֆիլմ նկարահանելուց դեռևս 2010թ., իսկ 2011թ. մայիսին նրա «Սա ֆիլմ չէ» ֆիլմը, որը նկարահանվել է տնային կալանքի պայմաններում, ցուցադրվել է Կաննում։