Մեծ Բրիտանիան «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի 200-ամյակի առթիվ հատուկ դրոշմանիշներ է թողարկել

13:25 • 21.02.13

Մեծ Բրիտանիայում այսօր վաճառքի են հանվել հանրահայտ գրող, «անգլիական գրականության առաջին տիկին» Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հրատարակության 200-ամյակին նվիրված դրոշմանիշներ, հայտնում է news.ru.com կայքը։

 

Ընդհանուր առմամբ, պատրաստվել է 6 փոստային մանրանմուշ, ինչը համապատասխանում է հեղինակի կողմից հրատարկված վեպերի թվին։ Դրոշմանիշներից յուրաքանչյուրի վրա ներկայացված է Օսթինի ստեղծագործություններից որևէ մեկից հանրահայտ մի դրվագ։ Նկարների հեղինակն է մեր ժամանակների ամենահայտնի նկարազարդողներից մեկը համարվող Անջելա Բարեթը։

 

Սակայն դրոշմանիշների թողարկումը միակ տարբերակը չէ, որով Թագավորական փոստը բրիտանացիներին ցանկանում է հիշեցնել այդ հիշարժան իրադարձության մասին։ Այս շաբաթվա ընթացքում Սթիվենթոն և Չաութոն բնակավայրերից ուղարկվող նամակների ծրարների վրա կդրվի հատուկ կնիք, ինչպես նաև գրված կլինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպում Օսթինի, թերևս, ամենահայտնի նախադասությունը.«Արա ինչ ուզում ես, միայն թե երբեք չամուսնանաս առանց սիրո»։