Արքայադուստր Դիանայի ամենահայտնի զգեստները կհանվեն աճուրդի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի հանգուցյալ արքայադուստր Դիանայի ամենահայտնի 10 զգեստները մարտի 19-ին, Լոնդոնում կհանվեն աճուրդի և, ըստ մասնագետների կանխատեսումների, կապահովեն 1 մլն դոլարից ավելի եկամուտ, գրում է Daily Mail-ը։
Վաճառվելիք զգեստների շարքում է նաև հանրահայտ մուգ կապույտ զգեստը, որով 1985թ. արքայադուստրը Սպիտակ տանը կազմակերպված պարահանդեսի ժամանակ պարել է հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի հետ։ Կանխատեսվում է, որ Վիկտոր Էդելշտեյնի հեղինակած զգեստը կվաճառվի առնվազն 550 հազար դոլարով։
Վերհիշելով այդ երեկոն՝ Տրավոլտան ասել է.«ԱՄՆ-ի առաջին տիկին Նենսի Ռեյգանն ինձ մի կողմ տարավ և ասաց, որ արքայադուստր Դիանան ցանկանում է պարել ինձ հետ։ Դրանից հետո ես մոտեցա նրան և հրավիրեցի պարի։ Դա նման էր հեքիաթի, որը ես երբեք չեմ մոռանա։ Մենք պարեցինք մոտ 20 րոպե, և պետք է ասեմ, որ Դիանան հիանալի ռիթմի զգացում ուներ»։










