Թերթերը պահպանում են մայրենին, կայքերում լուրջ թերություններ, կարծես, չկան. Սերգո Երիցյան

12:48 • 21.02.13

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքով՝ Հայաստանում տպագրվող հայալեզու թերթերում մայրենի լեզվի հետ կապված խնդիրները վերջին տարիներին կարգավորվել են, էլեկտրոնային մամուլում լուրջ թերություններ, կարծես թե, չկան:


«Սա մի փուլ էր, որտեղ շատ դժվարություններ կային, բայց անցան, գնացին: Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսային լեզվին, պետք է ասեմ, որ մենք հատկապես ուսումնասիրել ենք «Հայլուրի» (նկատի ունի «Առաջին լրատվական» հաղորդումը – Tert.am) լեզուն, և պետք է ասեմ, որ այստեղ լուրջ թերություններ չունենք: Լեզվական կամ բառակերտման հետ կապված մեծ դժվարություններ չունենք այստեղ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:


Սերգո Երիցյանն այնուհետև անդրադարձավ լրատվական կայքերի լեզվին և նշեց, որ արագության պատճառով այստեղ սխալներ շատ են լինում։


«Իհարկե, լինում են տառասխալներ ու ոչ ճիշտ բառերի օգտագործում, բայց պետք է նկատել, որ առաջին անգամ նյութը արագ տեղադրելուց հետո սկսում են փոխել, ուղղումներ անել: Ես կարծես թե, չեմ համարում, որ լուրջ թերություններ ունենք: Բայց ժամանակն է, որ բոլորը ունենան խմբագրի ուժեղ աչք, որքան էլ մեր լրագրողները գրագետ են, բայց ցանկացած հմուտ լրագրողի համար խմբագրի աչքի կարիքը կա»,- նկատեց նա:


Սերգո Երիցյանն անդրադարձավ նաև սերիալներում մայրենի լեզվի օգտագործման ձևերին ու նշեց, որ քանի որ դրանք անխուսափելի են, լավ կլիներ, որ նկարահանվեին գրագետ հայերենով:


«Դրանք բերան ծամածռելով են, դեմքեր ծամածռել, ու՞ր կորավ մեր դրամատուրգիան, պետք է տպավորվել դրամատուրգիայի միջոցով, ոչ թե ծամածռությամբ։ Մաքուր հայերենով կարելի է ամեն ինչ նկարահանել: Շարունակում են փողոցային լեզուն, բայց մենք իրավունք չունենք տուգանել, դրանով զբաղվում է ՀՌԱՀ-ը»,-ասաց նա: